1000 դոլար կտամ, եթե տեսանյութով ապացուցեք, որ ես ասել եմ, թե տրանսպորտը պետք է թանկանա. Մարության

300 դրամանոց տոմսը չունի ոչ մի արտոնություն, ոչ մի արտոնություն այդ տոմսի վրա չի ազդում՝ ոչ զեղչը, ոչ հաշմանդամությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով տեսանյութերից մեկին, որտեղ տարեց կինը ասում է, որ ինքը 2-րդ կարգի հաշմանդամ է, եւ ինքը չի ասում, որ 2-րդ կարգի հաշմանդամն անվճար է երթեւեկելու:

«300 դրամանոց տոմսը գնելիս դու վճարում ես 300 դրամ: Մենք 120 հազար փախստական ունենք, մարդիկ, ովքեր ստիպված են եղել այս իշխանությունների քաղաքականության շնորհիվ հայտնվել Հայաստանում, իրենց տները թողնել, բայց արցախցիների վերաբերյալ բացարձակ, ոչ մի արտոնություն նախատեսված չէ: Անդրադառնալով նրան, որ իր կուսակից Գրիգորի Երիցյանը մեկամսյա 9000 դրամանոց տոմս է գնել եւ 500 մարդու մետրոյում հնարավորություն է տվել, որ անվճար երթեւեկեն, դրանից հետո քարտը բլոկավորել են, Մարությանն ասաց. «Չմտածված, չկարգավորված քայլեր են անում: Եթե դուք անսահմանափակ տոմս եք տալիս մարդուն, ինքը կարող է օգտագործել, այնտեղ նշված չի, որ մեկ անձ միայն կարող է օգտագործել դա: Եթե չեմ սխալվում, ավագանու որոշման մեջ բացարձակ չկա խոսք մեկ անձի օգտագործման մասին: Նշանակում է՝ իրենք նորից չեն հաշվարկել, չեն գրել: Եթե չեք գրել, ուրեմն մարդը իր տոմսը իրավունք ունի փոխանցել այլ անձանց։ Այս չակերտավոր ռեֆորմին, իսկ իրականում թանկացումներին իրենք բացարձակ պատրաստ չեն»:

Հիշեցմանը, որ ժամանակի ինքն էլ է հայտարարել, որ տրանսպորտը բարեփոխումների արդյունքում կթանկանա, Մարությանն ասաց. «Դուք ստում եք, եթե կա մարդ այս աշխարհում, որը կբերի տեսանյութ, որտեղ ես ասում եմ՝ որ պետք է տրանսպորտը թանկանա, և ես թանկացնելու եմ տրանսպորտը, ես այդ մարդուն կվճարեմ 1000 ամերիկյան դոլար: Եթե չբերի, ինքը ինձ թող վճարի 100 դրամ: Ես երկու անգամ խոսել եմ գնի մասին՝ մեկը մինչև ընտրությունները, ասել եմ, որ փաթեթներ պետք է լինեն, պետք է միասնական տոմս լինի: Մյուս անգամ ել ասեմ եմ, որ հանրաքվե պետք է լինի»: