Hraparak.am-ը գրում է . Խիտ մառախուղի հետևանքով մի շարք օդանավերր չեն կարողացել վարէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում ու նրանց ստիպված են եղել ուղորդել պահուստային օդանավակայաններ։ Վիեննայից, Վարշավայից ու Աթենքից չվերթների օդանավերը խիտ մառախուղի հետևանքով չեն կարողացել վայրէջք կատարել, մի շարք չվերթներ չեղարկվել են, մի քանիսն էլ ուշացումներով են տեղ հասել։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Զվարթնոց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանն ասաց, որ մառախուղի հետ կապված խնդիր այլևս չկա՝ թռիչք-վայրէջքներն իրականացվում են ըստ չվացուցակի։
«Գիշերվանից մինչ առավոտ ունեցել ենք 4 չեղարկված չվերթ, մեկը Աթենքից, մեկը Վարշավայից, երկուսն էլ Վիեննայից։ Նշված 4-ն էլ ուղևորվել են դեպի Թբիլիսիի օդանավակայան։ Եվս երկու չվերթ Մոսկվայից, մեկը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, մյուսը Նիժնի Նովգորոդի օդանավակայանում»,-ասաց Մողրովյանը։
Սակայն չվերթերից մեկն արդեն ուշացումով ժամանել է, իսկ մյուսն էլ շուտով կժամանի Զվարթնոց։
Ինչ վերաբերում է այլ երկրներում վայրէջք կատարած ուղևորների՝ Հայաստան տեղափոխման խնդրին, «Զվարթնոցի» հանրային կապերի պատասխանատուն ասաց, որ թե ուղևորների, թե նրանց տեղափոխման հարցը արդեն ավիաընկերությունների պատասխանատվության տիրույթում է։