Հանրային տրասպորտի վարորդը, իր աշխատանքային պայմանագրից ելնելով, իրավունք չունի ուղևորին ինչ–որ բան հարկադրել, այդ թվում ուղեվարձի վճարումը կամ ավտոբուսից իջնելը կամ հարկադիր չվարելը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, ներկայացնելով վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի միջև կնքված պայմանագիրը։
Օրերս համացանցում մի տեսանյութ հայտնվեց, որում 48 համարի ավտոբուսի վարորդը քաշքշում է տարեց տղամարդուն, բղավում նրա վրա, որպեսզի վճարի ուղեվարձը։ Վարորդի ճնշման տակ տարեց տղամարդն իջնում է ավտոբուսից։
«Մենք մեր ձեռքի տակ ունենք այն աշխատանքային պայմանագիրը, որով կարգավորվում է վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի միջև իրավահարաբերությունները։ Անհրաժեշտության դեպքում վարորդը կարող է ուղևորներին օրենսդրությամբ սահմանված կարգով զգուշացնել, որպեսզի ուղևորավարձը վճարեն և չթույլատրեն ուղեվարձի առձեռն վճարումը։ Սրանից զատ ուրիշ ոչ մի գործառույթ վարորդը չունի»,–ասաց Սուքիասյանը։
Նա նաև ընդգծեց, որ վարորդը իրավունք չունի հայտարարել, թե չի վարի ավտոբուսն այնքան ժամանակ, մինչև բոլորը չվճարեն։
Սուքիասյանը շեշտեց, որ եթե Երևանի քաղաքապետարանը սկսի ինչ–որ տուգանքներ «մոգոնել» չվճարող քաղաքացիների համար, ապա բոյկոտի նոր ալիք կբարձրանա։
Լրագրողների հետ զրույցում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանն հայտնեց, որ հունվարի 31-ի դրությամբ աշխատանքից ազատվել է 29, փետրվարի 17-ի դրությամբ՝ ևս 15 վարորդ կարգապահական խախտումների համար, որոնց թվում է ղեկին ծխելը կամ հեռախոսով խոսելը։ Նա նաև նշեց, որ 48 համարի երթուղին սպասարկող ավտոբուսների վարորդին, միջադեպի հետ կապված նկատողություն է տրվել։ Նա աշխատանքից չի ազատվել, քանի որ առաջին դեպքն է եղել։