Թրամփը ցանկանում է ազատվել Զելենսկուց. Economist

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին վկայում են այն մասին, որ նա ցանկանում է ազատվել Վլադիմիր Զելենսկուց։ Այս մասին գրել է բրիտանական The Economist ամսագիրը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Թրամփն, ըստ երեւույթին, ցանկանում է ազատվել Զելենսկուց, որին նա երբեք չի հավանել եւ որին համարում է դժվար մարդ»,- նշել է պարբերականի զրուցակիցը։ «Խոսքը ոչ թե ընտրությունների, այլ Զելենսկուց ազատվելու մասին է»,- ավելացրել է նա։

Ըստ ամսագրի՝ տեսականորեն Ուկրաինան կարող է շարունակել ռազմական գործողությունները՝ մերժելով Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելու Թրամփի առաջարկը, սակայն գործնականում նման զարգացումը կհանգեցնի Կիեւի իրավիճակի արագ վատթարացման։ Ինչպես նշել է պարբերականը, Ուկրաինայի Զինված ուժերը «օպերատիվ մակարդակում լուրջ խնդիրներ ունեն, ռազմավարական պլանավորման գրեթե իսպառ բացակայություն կա, առաջնագծում ստորաբաժանումներում անձնակազմի սուր պակաս կա, իսկ որոշ բրիգադների թիվը կրճատվել է՝ հասնելով իրենց սովորական թվաքանակի մեկ երրորդին»։

Ամսագրի գնահատմամբ՝ Թրամփը Ուկրաինայի վրա ազդելու մեծ լծակներ ունի. նա կարող է միակողմանիորեն չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ, ամենայն հավանականությամբ, կկրճատի կամ կդադարեցնի ռազմական օգնությունը Կիեւին։ Բացի այդ, Թրամփը կարող է դադարեցնել հետախուզական տվյալների հոսքը ԱՄՆ-ից եւ անջատել Starlink արբանյակային տերմինալներն Ուկրաինայի զինված ուժերի համար, որոնք հիմք են ստեղծում ուկրաինական ստորաբաժանումների միջեւ հաղորդակցության համար։