Search
Close this search box.

Տպավորություն է, որ Սիմոնյանն այնքան էլ ուշադիր չի հետևել Փաշինյանի ասուլիսին․ Զախարովա

Please enter a valid URL

Այնպիսի տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանն ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին՝ խոսելով Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ՌԴ զորքերի գտնվելու անհրաժեշտության վերանայման մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակը կանոնակարգող բազային փաստաթուղթը անժամկետ բնույթ ունի:

«Արդեն ավելի քան 30 տարի է, ինչ ռուս սահմանապահները հսկում են Հայաստանի Հանրապետության սահմանները և բազմիցս հաստատում են իրենց ներկայության պահանջվածությունը, մասնավորապես՝ թույլ չտալով ապօրինի հատել սահմանն ու թմրավաճառությունը», — ասել է նա՝ նշելով, որ սահմանապահների հեռանալը Հայաստանի տարածքից բացասաբար կազդի Հանրապետության անվտանգության վրա։

Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը բավարար կոմպետենտ չէ նման հարցեր քննարկելու համար: Նրա խոսքով՝ այս հարցում պետք է խոսք տալ նրանց, ովքեր «իսկապես հսկում են Հայաստանի սահմանը, այլ ոչ թե փափուկ աթոռներին են նստած»:

Զախարովայի խոսքով՝ երբ խոսվում է ՀՀ սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին, պետք է հաշվի առնել՝ ինչպես սահմանների «մերկացումը» կազդի երկրի անվտանգության վրա:

Նրա խոսքով՝ երկու երկրների սահմանապահ ծառայությունների գծով իրականացվում է մասշտաբային և արդյունավետ փոխգործակցություն:

«Դա, ինչպես երևում է, նյարդայնացնում է Երևանում որոշ քաղաքական գործիչների», — ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: