Search
Close this search box.

«Սնուփ Դոգի երևանյան համերգի տոմսերի մեծ մասը վերադարձվել է գնորդներին». կազմակերպիչ

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգի տոմսերի մեծ մասը վերադարձվել է գնորդներին։ Այս մասին հայտնել է համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սիմոնյանը` պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ հնարավոր է` ամերիկացի ռեփերի երևանյան համերգը տեղի ունենա այս տարվա օգոստոսին։ Լրատվամիջոցը գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ համերգի ամսաթիվն իմանալու համար, սակայն հարցումն ուղարկվել է «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ։
«Այս պահին համերգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում արտիստի թիմի հետ, որի արդյունքում պայմանագրով սահմանված կարգով Ձեզ կուղարկվի համերգի անցկացման ամսաթվի մինչև երեք տարբերակ՝ Ձեր կողմից համերգի վերջնական օրը ընտրելու նպատակով»,- ասված է Սիմոնյանի` ԿԳՄՍՆ-ին ուղարկված պատասխանում։
Հարցին, թե քանի տոմս է վաճառվել և ինչ գումարով, կազմակերպիչը պատասխանել է, որ համերգի հետաձգման պատճառով պարբերաբար իրականացվում են տոմսերի վերադարձներ, ուստի ներկա դրությամբ նման հաշվառում չի իրականացնում:

«Միաժամանակ հայտնում ենք, որ հետաձգված համերգի մասնակցության համար գնված տոմսերի մեծ մասը վերադարձվել է տոմսերի գնորդներին իրենց իսկ պահանջով»,- ասել է նա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: