Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Իսակովի Պողոտայի հողերն օտարելու գործով մեղադրանք է ներկայացվել: Այս մասին գրում է «Ֆակտոր»-ը՝ հղում կատարելով աղբյուրներին: Գործը քննող Քննչական կոմիտեն Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս, ընդհուպ՝ չի հերքում կամ հաստատում գործով նրան մեղադրյալ ներգրավելու հանգամանքը: Հայտնի չէ նաև, թե ինչ հոդվածով է Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավվել, սակայն, ամենայն հավանականությամբ, խոսքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մասին է: Հիշեցնենք, որ Իսակովի պողոտայում գտնվող, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող 11 հա հողատարածքն, ըստ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի, օտարվել է 2005-2006 թվականներին, երբ Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Ըստ քրեական գործի՝ այս հողերն օտարվել են շուկայականից էականորեն ցածր գնով ուղղակի վաճառքով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: