Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի եղբորից դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 գույք ու 3.5 միլիարդ դրամ

Դատախազությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանից, նրա կնոջից ու երկու որդիներից պահանջում է բռնագանձել 14 գույք ու 3.5 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։ Ալեքսանդր Սարգսյանին պատկանող ամբողջ գույքի վրա դատարանի որոշմամբ կալանք է դրվել։

Նշվում է, որ 14 գույքից 4–ը Երևանի կենտրոնում են, 10–ը` Կոտայքի մարզում։ Ապօրինի են համարվել նաև 4 տրանսպորտային միջոցներ, 1 մլրդ դրամի ավանդ ու պարտատոմսեր, ինչպես նաև մասնակցություններ իրավաբանական անձերում։

Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, դատախազությունը Ալեքսանդր Սարգսյանի գույքը սկսել է ուսումնասիրել 2021 թ–ից`ԱԱԾ–ից ստացված օպերատիվ հետախուզական տվյալների հիման վրա։ Դատախազությունը ուսումնասիրությամբ հետ է գնացել մինչև 1995 թ. ու առաջին ապօրինի գույքը դիտարկել է 1998–ին ձեռք բերված անշարժ գույքը կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում։

«Բոլոր անձինք օրենքով սահմանված կարգով ծանուցվել են ուսումնասիրության առկայության մասին, հրավիրվել են դատախազություն նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու նպատակով։ Դեռևս որևէ մեկը չի ներկայացել դատախազություն»,– ասել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը։

Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, Սարգսյանների փաստաբանն է կապ հաստատել դատախազության հետ ու հայտնել, որ առաջիկա օրերին նրանք կներկայանան։ Հիշեցնենք, որ 2019թ–ին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել. նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։