Իր ավանդական ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հայ լրագրողի` Բաքվում պահվող հայերի կեղծ դատավարությունների մասին հարցին, ասաց. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը, որ երկար տարիներ այդպես էլ չավարտվեց` չնայած տարատեսակ փորձերին, հանգեցրեց հսկայածավալ խնդիրների, այդ թվում նաև` հումանիտար վիթխարի խնդիրների:
Ռուս-հայ-ադրբեջանական ղեկավարների` 2022թ-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ կողմերը պետք է անմիջապես լծվեին նաև հումանիտար հարցերի լուծմանը: Մենք առաջվա պես պատրաստակամ ենք օգնել կողմերին` լուծել այդ խնդիրները, նաև` վերադարձնել բոլոր ձերբակալված անձանց: Սա կօգնի վերջապես վստահություն ու երկխոսություն սկսել Բաքվի ու Երևանի միջև: Ես հասկանում եմ, որ դուք, ինչպես միշտ, կուզենաք լսել «կոճակին սեղմեք և արդյունքը ստացեք» ձևաչափով պատասխան: Բայց սա այն հարցն է, որը մի վայրկյանում չի առաջացել, սա տասնամյակների ընթացքում խորացած խնդիր է, և դրա լուծումն էլ միայն վերոնշյալ ձևաչափն ունի»,- պատասխանեց Զախարովան: