Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։
Ըստ տնտեսագետ Հրանտ Միքայելյանի, սա սեփականության խլման ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ դեպքն է։
«Մենք կարող ենք հիշել 2018 թվականին Ծաղկաձորի հյուրանոցը ժամանակավոր կառավարման տակ վերցնելը, այնուհետև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 20 տոկոսի պետականացումը, ՀԷՑ-ը, հիմա էլ՝ «Արարատցեմենտը»։ Առնվազն այս 4 խոշոր դեպքերը, կան նաև ավելի փոքր դեպքեր։ Սակայն խոսվում է Գագիկ Ծառուկյանի ողջ ունեցվածքը վերցնելու մասին, այդ թվում՝ հաշիվներից գումարներ, այլ գործարաններ, ինչն էլ չեն վերցնում, փակում են։ Օրինակ, խաղատունը փակվել է, «Առինջ մոլ»-ը նույնպես, ու այսպես շարունակ։ Այսինքն՝ սա Գագիկ Ծառուկյանի բիզնեսի վերացում է բռնությամբ»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Միքայելյանը։
Հարցին՝ ի՞նչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ այս ամենը՝ Միքայելյանը պատասխանեց. «Տնտեսական հետևանք է այն, որ այս օբյեկտները չեն գործելու և դա արդեն հետևանք է ունենալու։ Թեև ես միշտ դեմ եմ եղել խաղատների գործելուն, բայց նույնիսկ եթե պետական որոշում կա, որ այդ օբյեկտը պետք է փակվի, ապա գործարարին տրվում է ժամկետ, որպեսզի նա դրան քիչ–քիչ պատրաստվի, ու այդ ժամկետը չպետք է կարճ լինի, մանավանդ, երբ խոսում ենք խոշոր խաղատան մասին։ Այստեղ մենք ունենում ենք շուկայական տնտեսության շատ լուրջ հարված»։
Ըստ տնտեսագետի՝ այս ամենի նպատակն ամենևին էլ ազգայնացումը չէ. «Ազգայնացումը, որպես կանոն, քաղաքականությունն է, որի նպատակը ինչ-որ ոլորտների՝ պետության վերահսկողության տակ անցնելն է։ Որպես կանոն, խոսքը ռազմավարական ոլորտների մասին է»։
Նա նշեց, որ այս ամենը շատ խոցելի գործընթաց է և այն շատ վատ հետևանք է ունենալու.«Եթե այդ ամենը փորձեն սեփականաշնորհել։ Ոչ մեկը դրանք շուկայական գնով չի վերցնելու, քանի որ գիտեն՝ երբ իշխանությունը փոխվի, Գագիկ Ծառուկյանն այս ամենը հետ է ստանալու։ Ո՞վ է ուզենալու այդպիսի ռիսկի տակ ընկնել։ Բացի այդ, ՀՀ-ում ներդրումային միջավայրը հավասարվելու է զրոյի։ Օրերս հրապարակվեց սինգապուրյան Chandler Good Government Index (CGGI), որտեղ Հայաստանը կառավարման որակով 64-րդ տեղն է զբաղեցնում՝ 133 երկրից։ Ամենավատ արդյունքներն ունեցել է երկու ինդեքսում՝ ռազմավարական կառավարման և շուկայական միջավայր՝ ներդրումային։ Այսինքն՝ կունենանք մի միջավայր, որն ավելի վատ է, քան որը հիմա ունենք»։





