Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում. պաշտպաններ

Ադրբեջանի դատախազները Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, հաղորդել է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։

Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն:

Ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե Ռուբեն Վարդանյանից, թե հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, թե այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Ադրբեջանական կողմը, միևնույն ժամանակ, հրաժարվել է Վարդանյանին և նրա փաստաբանին տրամադրել «ապացույցների» պատճենները։ Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամկետներում, սակայն «ազգային անվտանգության նկատառումներով»՝ նրանք սահմանափակված են որևէ նշում կատարելու հնարավորությունից: Վարդանյանն ու նրա փաստաբանը սահմանափակված են իրենց իրավունքներում, որպեսզի դատավարության ժամանակ պատրաստ լինեն պաշտպանության։

«Այս մեղադրանքները Ադրբեջանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում են։ Մեղադրանքների այդ երկար շարանը՝ ակնհայտ ցինիկ փորձ է Ռուբեն Վարդանյանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ ադրբեջանական ռեժիմն արել է Լեռնային Ղարաբաղում։ Ավելին, Ադրբեջանի մերժումը՝ հանրային դարձնելու և ծանոթացման ներկայացնելու Վարդանյանի դեմ ուղղված բոլոր մեղադրանքներն ու այսպես կոչված ապացույցները, վերահաստատում է, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն: Ռեժիմը նաև գիտակցում է, որ ցանկացած անկախ դիտորդ կնկատի, որ ներկայացված մեղադրանքներում որևէ արժանահավատ ապացույց չկա ու չի սատարի նրանց մերկապարանոց մեղադրանքները: Այս մոտեցումը հստակորեն ծրագրված է, որպեսզի Ալիևը կարողանա արդարացնել գաղտնի դատավարության անցկացումը, որը կլինի ո՛չ անկախ, ո՛չ էլ անաչառ»,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։-

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում ժողովրդավար աշխարհին՝ ցույց տալ, որ նման աղաղակող խախտումներն այլևս չեն կարող հանդուրժվել, և ապահովել, որ միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցները ներկա լինեն դատավարությանը։

«Հորս դեմ ներկայացված այս վերջին մեղադրանքներն արդարադատության ծաղր են և COP29-ի ձախողումների համար հատուցում։ Ռուբեն Վարդանյանը երեք ամիս եղել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար, որտեղ նա փորձում էր սոցիալական կենսական ծրագրերի միջոցով բարելավել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը: Ցավոք, սրա դիմաց նա կանգնել է ցմահ ազատազրկման սպառնալիքի առջև՝ աշխարհի ամենակոռումպացված ռեժիմներից մեկի կողմից։ Նրա ձերբակալությունը և առաջադրված կեղծ մեղադրանքները ազդանշան են ամբողջ աշխարհի հայերի համար, որ ոչ ոք ապահով չէ: Ավելի քան երկու տարի է, ինչ ընտանիքը չի կարողանում տեսնել նրան։ Մենք մտավախություն ունենք, որ հնարավոր է այլևս չկարողանանք նրան տեսնել, եթե ժողովրդավար ​​աշխարհը միջոցներ չձեռնարկի այս անհեթեթությանը վերջ տալու համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: