Այժմ ամեն ինչ փորձում ենք տանել նրան, որ ավտոմեքենաների հոսքը Երևանում նվազի և ավելանան մարդիկ, որոնք օգտվում են հանրային տրանսպորտից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Դա նշանակում է, որ հանրային տրանսպորտում հոսքը պետք է ավելանա և դա նշանակում է, որ մենք պատշաճ մակարդակի ծառայություն պետք է մատուցենք։ 171 նոր ավտոբուսները վստահորեն այդ հարցում մեզ օգնելու են, այս տարվա 15 նոր տրոլեյբուսները վստահորեն մեզ օգնելու են, մյուս տարվա 15 նոր տրոլեյբուսները վստահորեն մեզ այդ հարցում օգնելու են, բայց դեռ ունենք հարցեր, որոնք պետք է լուծումներ ստանան»,-ասաց նա:
Ավինյանը անդրադարձավ նաև նրան հունվարի մեկից անցնում ենք նոր տոմսային համակարգին. «Նոր տոմսային համակարգին անցնելուն պես մենք պետք է մինչ այդ արդեն պատրաստ լինենք, այդ տոմսային պրոդուկտներին ծառայություններից օգտվելու հնարավորությունը ստեղծենք: Դա նշանակում է, որ թե էլեկտրոնային տարբերակով, թե գրասենյակներով, որոնց մասին մենք խոսել ենք, մենք պետք է մինչև նոր տարին ապահովենք»,-ասաց նա: