Պարտադրանքի ու ճնշման ներքո գտնվող իշխանությունները չեն կարողանալու երկիրն այս իրավիճակից հանել. բանակցողը պետք է փոխվի. Օհանյան

2018 թվականին ՀՀ-ում իշխանության եկան մարդիկ, որոնք կառավարման ու Արցախի հարցով բանակցությունների փորձ չունեին, այս ամենից էլ օգտվելով՝ Ադրբեջանը ՀՀ-ին ներքաշեց այնպիսի իրավիճակի մեջ, որի հանգուցալուծումը 44-օրյա պատերազմն էր, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունների ձեռամբ մեր ժողովուրդը պարտություն կրեց.«Դրանից հետո մենք մի քանի անգամ փրկության ու համախմբման կոչեր ենք արել, որպեսզի կարողանանք հեռացնել հիմնական մեղավորներին՝ այս իշխանություններին, սակայն դա մեզ չի հաջողվել։ Ակնհայտ է, որ պարտադրանքի ու ճնշման ներքո գտնվող այս իշխանությունները, որոնք հնարավոր է որոշակի պարտավորվածություններ ունեն Ադրբեջանի նկատմամբ, չեն կարողանալու երկիրն այս իրավիճակից դուրս բերել, բանակցողը պետք է փոխվի և նա պետք է լինի այնպիսի ուժ, որը տիրապետում է իրավիճակին»։

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենք կոչ են անում ընդդիմադիր բոլոր ուժերին համախմբվել հիմնական նպատակի շուրջ՝ այս իշխանություններին հեռացնելու համար։

«Ընդդիմադիր դաշտն ազատ է։ Պայքարը շարունակական է լինելու և այն կապված է իրավիճակի հետ»,-հավելեց նա։