Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը կարծում է՝ ոստիկանությունը շատ արագ է արձագանքել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։
«Առերևույթ տեսանելի էր, որ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ են տեղի ունենում, ամեն ինչ բավականին հանրային էր, չեմ կարծում, որ թերացել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ ոստիկանությունն ի՞նչ սկզբունքով առաջնորդվեց, որ բերման ենթարկեց ոչ թե հարվածողին, այլ՝ հարվածներ ստացողին՝ նա պատասխանեց, թե ոստիկանությունն արձագանքում է իր ունեցած տեղեկատվության հիման վրա։
«Հասնում է դեպքի վայր, գնահատում է իրավիճակը, համադրում է տեղեկությունները և որոշումները կայացնում է իր ուսումնասիրություններով, ստացված գնահատականներով»,- նշեց ՆԳ փոխնախարարը։
Դիտարկմանը, որ նորմալ չէ, երբ ոստիկանություն են տանում միայն մեկ կողմին, գուցե, երկու կողմին էլ բերմա՞ն ենթարկեին՝ նա արձագանքեց, թե չի կարող ասել՝ քանի հոգի է ձերբակալվել, համենայնդեպս, ըստ նրա, տեսաձայնագրության մեջ մեկ անձ կոնկրետ օրինական պահանջին չէր ենթարկվում։
«Կարծում եմ՝ ձերբակալման առաջնահերթ գործողությունը կատարվել է այդ անձի նկատմամբ»,- հավելեց Արմեն Մկրտչյանը։