Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը հայտնում է․
«Այսուհետ իմ էջում նոր ձևաչափով եմ անդրադառնալու Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին և միջազգային հարաբերություններին։
Սկսում եմ «Մեկ թիվ, մեկ պատմություն» շարքը, որտեղ յուրաքանչյուր անգամ պաշտոնական մեկ թիվը կդառնա ավելի լայն պատմության մեկնակետ։ Փորձելու ենք հասկանալ՝ ինչ կա թվերի հետևում, ինչ միտումներ, որոշումներ ու գործընթացներ են թաքնված դրանց մեջ։
Առաջին թիվը՝ 12։
Խոսքը Քրիստոսի առաքյալների մասին չէ։ Խոսքը Հայաստանի Անկախության հռչակագրի 12 կետերի մասին է։
1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը դարձավ Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկը։ Այն ամրագրում է մեր պետականության հիմնարար սկզբունքները՝ ինքնիշխանությունից ու անվտանգությունից մինչև մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, լեզու, կրթություն և մշակույթ, ազգային հարստություն, արտաքին քաղաքականություն և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում։
Այս փաստաթղթի շուրջ այսօր էլ քաղաքական ու իրավական քննարկումները շարունակվում են։ Մասնավորապես՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման հարցը դարձել է այդ քննարկումների առանցքային թեմաներից մեկը։
Ի՞նչ է նշանակում այդ կապի վերացումը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում կամ ստեղծում Հայաստանի համար։ Ինչո՞ւ է Անկախության հռչակագրի հարցը այդքան կարևոր նաև հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում։
Այս հարցերին եմ անդրադառնում «Մեկ թիվ, մեկ պատմություն» շարքի առաջին թողարկման ընթացքում։
Ինձ համար կարևոր է մեկ բան․ այս հարթակում չեմ ներկայացնելու որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի տեսակետ։ Փորձելու եմ առաջնորդվել փաստերով, պաշտոնական տվյալներով և դրանց վերլուծությամբ։
Դիտեք առաջին թողարկումը և գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում»։





