Մանե Թանդիլյանին և Լևիկ Խաչատրյանին խնդրեցի դադարեցնել հացադուլը. ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյան

ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը հերթական անգամ հանդիպել է հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանի և Լևիկ Խաչատրյանի հետ. «Այսօր ևս հանդիպեցի 12-րդ օրը հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանին, և 9-րդ օրը հացադուլ հայտարարած Լևիկ Խաչատրյանին, ովքեր ի պաշտպանություն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանին, հացադուլ են հայտարարել: Լևիկ Խաչատրյանն իր հացադուլը ՄԱԿ-ի գրասենյակից տեղափոխել է ՌԴ դեսպանատան շենքի մոտ, իսկ այսօր արդեն Ֆրանսիայի դեսպանատան մոտ էր, իսկ Մանե Թանդիլյանն իր հացադուլը սկսել է Ազատության հրապարակում: Ես երկուսին էլ հորդորեցի դադարեցնել հացադուլը, որովհետև մեզ այսօր պետք են պինդ, առողջ հայ կին և տղամարդ, որպեսզի մենք կարողանանք կոնկրետ գործողություններ իրականացնել՝ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու համար»,-նշեց Ռուզաննա Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ Եվրոպական խորհրդարան քննելու է Ադրբեջանի բանտերում գտնվող հայ գերիների հարցը:

«Դիմում եմ, որպեսզի Եվրախորհրդարանը Ադրբեջանից անհապաղ և առանց նախապայմանների պահանջի ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, Բաքվի բանտերում պահվող անհետ կորած համարվող մեր տղաներին, և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների համար։ Պահանջում ենք, որպեսզի Մարդու իրավունքների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների ներկայացուցիչն այցելեն Բաքու՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, քանի որ Բաքվում հայ գերիների դեմ իրականացվող դատավարությունները քաղաքական հետապնդում են հայերի նկատմամբ»,-իր խոսքում ընդգծեց ՀՃՇ անդամը: