«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ցեղասպանության թեմայի շահարկումներին և ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները այրելուն:
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցեղասպանության զոհերին սրբադասեց, քանի որ նրանք սպանվել էին քրիստոնյա և հայ լինելու համար։
Ես ցեղասպանությունը ընկալում եմ այս տեսանկյունից և համոզված եմ, որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանում նման մղումով։
Ես դեմ եմ ցեղասպանության թեման քաղաքականացնելուն և անբարո եմ համարում, երբ շահարկում են ու ինքնադրսևորվում։ Վերջին տարիներին գերադասում եմ անգամ հուշահամալիր գնալ ոչ թե կուսակիցներիս, այլ ընտանիքիս հետ, և ավելի հանգիստ ու ուշ ժամի։ Համոզված եմ, որ ցեղասպանության ենթարկված լինելը արդարանալու կամ գլուխ գովելու թեմա չէ։ Տղամարդը պետք է աշխատի այդ թեման չբարձրաձայնել, այլ անել հնարավորն ու անհնարինը, որ մարդկության դեմ այդ ոճիրն այլևս չկրկնվի։
Կատեգորիկ դեմ եմ ինքնահաստատման և խիզախ երևալու նպատակով այլոց դրոշներն այրելուն, որ անլուրջ ու ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ…
Թող ամենակարող Տերը ների մեզ, թող սրբերի դասում և լույսերի մեջ պահի քրիստոնյա և հայ լինելու համար ցեղասպանված մեր հայրենակիցների անմեղ հոգիները, թող ողորմա մեզ՝ ողջերիս, թող հեռացնի մեզնից իր արդարացի զայրույթը և օգնի մեզ։
Աստված Օրհնի Հայաստանը»,- գրել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս դատապարտել է ապրիլի 23-ին՝ Դաշնակցության կազմակերպած ջահերով երթի ժամանակ, Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը՝ այդ գործելակերպը համարելով անպատասխանատու և անընդունելի։