Վարչապետի կողմից Արագածի նկարը հրապարակելուց հետո ոմանք արդեն մեղադրում են իշխանությանը Արարատ լեռը հանձնելու համար։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան մեկնաբանություններին:
«Իրականում սա աղետ է, երբ մեզ մեղադրում են մի բան հանձնելու համար, որը վաղուց մերը չէ։ Աղետ է, երբ հասարակության մի հատվածը դեռ շարունակում է ապրել պատմության թմբիրում՝ չառերեսվելով իրականության հետ։ Իրականության կորստի զգացողությունն ու ունեցածը չգնահատելն է մեր ամենամեծ խնդիրը։
Ֆեյսբուքյան մեկնաբանություններում առավել հայրենասեր երևալու համար կարող էք Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանի ծովերն էլ մերը համարել, բայց դրանից իրականությունը չի փոխվի։
Իրական Հայաստանի հայրենասերը նա է, ով գնահատում է այն ամենը ինչ կա Հայաստանի Հանրապետության տարածքում, ու դրանից դուրս հայրենիք չի փնտրում։
Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը Արագածն է՝ 4090մ, իրականությունը սա է»,- գրել է Չախոյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Արագածից լուսանկար էր հրապարակել և գրել. «Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը. Արագած, առավելագույն բարձրությունը 4090 մետր»: