Search
Close this search box.

Ինչու Արարատ Միրզոյանը այդպիսի խայտառակ հայտարարություն արեց

Հրապարակը գրում է․ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարություններից ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում լուրջ մրցակից ունի՝ ի դեմս Միրզոյանի, որը փորձեց գերազանցել «շեֆին»՝ «մուտիլովկաների» ու «կռուտիտների» միջոցով քողարկելով իրենց ստեղծած թշվառ իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը դարձել է Էրդողանի եւ Ալիեւի ներկայացուցիչը Հայաստանում եւ հերթով կատարում է նրանց կամքը, մինչեւ անգամ հայության համար գերզգայական հարցերում, ինչպիսին ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն է։ 

Ընդամենը 2 տարի առաջ՝ բանակի օրը Եռաբլուր այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում Արարատ Միրզոյանը հոխորտում էր, թե ի՞նչ կապ ունի՝ ՔՊ նախընտրական ծրագրում «մի տողով» է գրված։ «Ինչպեսեւ նախկինում, մենք հետամուտ ենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եվ մենք ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը դիտարկում ենք ինչպես աշխարհում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման համատեքստում, այնպես էլ մեր տարածաշրջանում մեր անվտանգության ամրապնդման համատեքստում»,- ասել էր Միրզոյանը 2022 թ. հունվարի 28-ին՝ Եռաբլուրում, իսկ բյուջետային քննարկման ժամանակ խայտառակ հայտարարություն արեց, թե` «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ»։ Ավելին՝ Միրզոյանը 1.5 միլիոն հայի նկատմամբ ոճրին «անցք»-ի չափ կարեւորություն տվեց․ «Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»։

Առաջին անգամ հրապարակավ նման խայտառակ, ապազգային խոստովանությունից հետո թվում էր, թե արտաքին գերատեսչության ղեկավարը պետք է ամոթից կարմրեր, փորձեր շտկել իր սխալը, սակայն, ճիշտ հակառակը` անցավ ընդդիմադիրների նկատմամբ հակագրոհի, ցեղասպանության եւ ՔՊ ծրագրի մասին իրեն հարց ուղղած Արմեն Ռուստամյանին նախատեց, թե ինչու ես հեգնում, քմծիծաղ տալիս, ծրագիրը գրելուց հետո «աշխարհը փոխվել է»։ Ռուստամյանը հետաքրքրվում էր՝ հիմա դուք ձեր ծրագիրն իրագործելո՞ւ եք, թե՞ ոչ։ «Պարզ է, որ գրված է, բայց աշխարհը, հատկապես այս 5 տարում, այնպիսի սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, այնպիսի երկրներ են իրար հետ պատերազմում, իրար հետ հաշտվում, ո՞նց կարող է այդպիսի պրոցեսներից առաջ գրված բառերը նույն ուժն ու կիրառությունն ունենան արդեն փոփոխված աշխարհում: Սա դինամիկ բան է, եւ չեմ կարծում, թե հեգնական ժպիտը տեղին է, պարոն Ռուստամյան»,- Փաշինյանի դասերը սերտած ուսանողի նման ասում էր Միրզոյանը։

Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր դեմքերից մեկն այդ անմեղ հարցից այնքան կորցրեց հավասարակշռությունը, որ անցավ քաղաքական, անգամ տղայական խոսույթի, թե ընդդիմությունն իրավունք չունի գնահատական տալ՝ կատարել են, թե չեն կատարել ծրագրային դրույթները, դրա գնահատականը տալու է ընտրողը, երբ ժամանակը գա, ապա անցավ ինքնագովեստի։ «Իմ աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ ազգային հարցերում Դուք կարող եք կարծիք հայտնել» եւ` «սենտիմենտներ ինձ թույլ տալ չեմ կարող, այնպես եմ անում, որ ապրեք 29 743 ք/կմ ինքնիշխան տարածքում»,- ասում էր մի քանի տարում հազարավոր կիլոմետրեր թշնամուն հանձնած իշխանության ներկայացուցիչը։ 

Ըստ Միրզոյանի՝ Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության եւ կայունության ապահովումն է: Փաստ է, որ ո՛չ խաղաղություն են ապահովել, ո՛չ տարածքային ամբողջականությունը, ո՛չ ինքնիշխանությունը, բայց պոռոտախոսում են` հույսով, որ մի քանի միամիտներ դեռ իրենց կհավատան։