Ինչպես առողջապահական ծախսերից գումարի վերադարձ ստանալ. Ավանեսյան

Խրախուսում ենք, որ ընտանիքում ծնողները ծախսերն իրականացնելիս ուշադիր լինեն, որպեսզի կարողանան հետ վերադարձ ունենալ: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Եթե ընտանիքից երկու հոգի աշխատում և եկամտահարկ են վճարում, ապա նրանք միայն առողջապահական ծախսերի համար կարող են ստանալ ընդհանուր առմամբ 100 հազար դրամի վերադարձ:

Առողջապահական ծախսերի համար՝ 50 հազար դրամ, կրթական ծախսերի համար՝ 100 հազար դրամ, բայց ընդհանուր ոչ ավելի, քան 100 հազար դրամ։ Ծախսերից յուրաքանչյուրի համար կա առանձին շեմ, բայց դրանց գումարը չպետք է գերազանցի 100 հազար դրամը»,- ասել է Ավանեսյանը:

Նա հորդորեց առողջապահական ծառայություններից օգտվելիս վճարել անկանխիկ և վերցնել հաշվարկային փաստաթուղթ։

«Ցանկացած անձ, ով աշխատում և եկամտահարկ է վճարում, լրացնում է հայտարարագիր, նա կարող է ապահովագրական ընկերությունից ստանալ ձեռք բերված փաթեթի արժեքից 50 հազար դրամի չափով ծախսի վերադարձ»,- հավելել է Առողջապահության նախարարը։