ՊՆ ՀՕՊ ուժերը հետ են մղել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը ՌԴ Վոլգոգրադի մարզի Մարինովկայի շրջանում, անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը։
«Այս գիշեր պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը Վոլգոգրադի մարզի Մարինովկայի շրջանում, անօդաչու թռչող սարքերի մեծ մասը ոչնչացվել է: ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել պաշտպանության նախարարության օբյեկտի տարածքում։ Հրշեջ-փրկարարական ծառայություններն օպերատիվորեն սկսել են հրդեհաշիջման աշխատանքները»,- հայտնել է Բոչարովը։
Մարզպետի խոսքով՝ հարձակման ու դրա պատճառով բռնկված հրդեհի հետևանքով զոհեր չկան։
Ընդհանուր առմամբ՝ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները 28 ինքնաթիռային տիպի ուկրաինական անօդաչու են ոչնչացրել ու որսացել Ռուսաստանի վեց մարզում, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ըստ գերատեսչության ներկայացրած տվյալների՝ 13 անօդաչու թռչող սարք խոցվել է Վոլգոգրադի մարզի երկնքում, 7-ը՝ Ռոստովի մարզի, 4-ը՝ Բելգորոդի, 2-ը՝ Վորոնեժի և մեկական ԱԹՍ՝ Բրյանսկի ու Կուրսկի մարզերի երկնքում։