Hraparak.am-ը գրում է. Բլոգեր Ալեքսանդր Լապշինն ահազանգում է՝ դեռևս պաշտոնապես չճշտված տեղեկություններով Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով։ Բլոգերը հայտնի է «У Беллы» օգտանունով։ Լապշինը հայտնել է, որ չորս օր առաջ վերջին եթերներից մեկի ընթացքում բլոգերն ասել էր, որ ադրբեջանցիների կողմից սպառնալիքներ է ստացել, որ ամեն ինչ «գնված է» Բելառուսում և նրան շուտով կձերբակալեն՝ հանձնելով Ադրբեջանին, սակայն աղջիկը նշել էր, թե այդ սպառնալիքներին լուրջ չի վերաբերում։ Լապշինն արձանագրել է, որ իրավիճակը բարդանում է, քանի որ Բելառուսը Ադրբեջանի դաշնակից երկիր է, որտեղ չկան ոչ իրավունքներ, ոչ օրենք, ոչ էլ կարգեր և բացի այդ, Մինսկում չկա ՀՀ դեսպան, որին հետ էին կանչել կես տարի առաջ՝ Լուկաշենկոյի հակահայ հայտարարությունների համար։ Հայ բլոգերը ձերբակալվել է 15 օրով: Ըստ հրապարակումների՝ սա այն ժամանակահատվածն է, երբ տվյալ երկիրը ձերբակալվածին ցանկանում է հանձնել այլ պետության: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ձերբակալված բլոգերի ընկերուհու՝ Ռոզա Բաղդասարյանի հետ:
-Ռոզա, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ են «У Беллы» օգտանունով հայ բլոգերին Մինսկում ձերբակալել և ինչո՞ւ են ցանկանում նրան հանձնել Ադրբեջանին:
-Նրան ոչ ոք չի պատրաստվում հանձնել Ադրբեջանին:
-Այդ դեպքում ինչո՞ւ է Լապշինը ահազանգում, որ վերջինիս պատրաստվում են Ադրբեջանին հանձնել:
-Լապշինը թուրքի ասածներն է կրկնում, չգիտեմ ով նման բան է ասել, Բելառուսից վառվածներն էլ կրկնում են, ուղղակի ուզում են Բելառուսի դեմ խոսել: Ես հարյուր տոկոսով գիտեմ, որ այս ստերի ետևում հայ է կանգնած: Ուղղակի խնդիրն այն է, որ այս ամենից հետո ձերբակալված բլոգերի վրա կարող են նոր գործ սարքել:
-Ո՞վ կարող է նոր գործ սարքել:
-Քանի որ թուրքերը գիտեն, որ նա բանտարկված է, իրենց ձեռքերը կարող են երկարացնել: Բայց դեռ ոչ մի նորություն չկա, եթե լինի նոր բան, փաստաբանը կտեղեկացնի մեզ: Եթե Լուկաշենկոյի ականջին հասնի, թե հայերն ինչեր են խոսում, հայ բլոգերի համար վատ կլինի:
-Ինչո՞ւ են ձեր բլոգեր ընկերուհուն ձերբակալել:
-Նա Բելառուսի դեմ տելեգրամյան ալիքներով է կիսվել, ձերբակալման պատճառը դա է: Այսքան խոսակցություններից հետո վախենամ, որ ամեն ինչ դեպի վատը փոխվի: Ադրբեջանցիները սպառնում են տարածել, թե ինչ են գրում հայերը Լուկաշենկոյի մասին, որպեսզի իրավիճան ավելի վատանա:
-Ադրբեջանցիները ի՞նչ խնդիր ունեն հայ բլոգերի հետ:
-Նա տարիներ շարունակ պայքարել է ադրբեջանցիների դեմ: