Ինչ է հրահանգել Պուտինը

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը, կատարելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները ժամանակավորապես դադարեցնելու հրամանը, ոչնչացրել են յոթ անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին դեպի Ուկրաինայի Նիկոլաևի շրջանի թիրախները։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում։

Գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածները ժամանակավորապես դադարեցնելու հրամանը ստանալու պահին օդում են գտնվել ռուսական յոթ հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ ուղղված Նիկոլաևի շրջանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված էներգետիկ օբյեկտներին։ Դրանցից վեցը խոցվել է «Պանցիր» զենիթահրթիռային և հրաձգային համակարգով, իսկ մեկը՝ ՌԴ օդատիեզերական ուժերի հերթապահ կործանիչի կողմից։

Մարտի 18-ին Կրեմլի կայքը հայտնել է, որ Պուտինը պաշտպանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը Ռուսաստանին և Ուկրաինային՝ 30 օրով զերծ մնալ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից։