Search
Close this search box.

Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները.Լեմկինի ինստիտուտ

«Անցյալ շաբաթ վարչապետ Փաշինյանը հանդիպեց մի խումբ սփյուռքահայերի հետ Շվեյցարիայում և, օգտագործելով բնորոշ հանելուկային լեզու, կարծես կասկածի տակ դրեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության հաստատված պատմական իրողությունը», ասվում է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի՝ այսօրվա «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարունակվող ժխտողական հռետորաբանության վերաբերյալ» վերտառությամբ հաղորդագրության մեջ (կից ներկայացվում է)։

Այնուհետև, հաղորդագրությամբ շատ կարևոր փաստեր, մտքեր ու հաստատումներ են ներկայացվում, որոնք շատ կարևոր են հասկանալու համար ցեղասպանությունների կանխարգելման և մարդկային անվտանգության հարցերով զբաղվող անվանի կառույցի տեսակետը, որը անկյունաքարային նշանակություն ունի Հայոց ցեղասպանության մերժողականության դեմ պայքարի տեսանկյունից։

«Ակնարկելով, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ հիմնարար հարցերը, ինչպիսիք են՝ «ինչ է տեղի ունեցել և ինչու է դա տեղի ունեցել», դեռ համարժեք պատասխաններ չեն ստացել՝ Փաշինյանն այս հայտարարությամբ գործում է ի նպաստ Հայոց ցեղասպանությունը որպես հաստատված պատմական փաստ վիճարկելուն։ Սակայն հենց այս հիմնարար հարցերն են ավելի քան մեկ դար առաջ մղել Հայոց ցեղասպանության պատմական հետաքննությանը: Նույնիսկ Ռաֆայել Լեմկինը՝ այն մարդը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բնորոշել է «ցեղասպանություն» տերմինը, ուսումնասիրել է հայկական գործը և այն օգտագործել որպես հիմք՝ 1920-1930-ական թվականներին ցեղասպանության իր հայեցակարգի մշակման համար: Թեև գիտնականների միջև կան տարաձայնություններ որոշակի մանրամասների և մեկնաբանությունների վերաբերյալ, հիմնական պատմությունը, ինչուներն ու ինչերը կասկածի տակ չեն: Ավելին, ցեղասպանագետները կոնսենսուսի մեջ են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված հանցագործությունների կարգավիճակի շուրջ՝ որպես ցեղասպանության հստակ դեպք»:

Հաղորդագրության մեջ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մանրամասն ներկայացնում է Ռաֆայել Լեմկինի կողմից ապացուցողական աշխատանքների ժամանակագրությունը՝ անդրադառնալով այն կարևոր հանգամանքին, որ 1939 թվականին «ցեղասպանություն» եզրույթի կիրառությունն ու միջազգային մակարդակով պահանջատիրության զգացողության բացակայությունը բացատրվում է այն պարզ պատճառով, որ Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի բնորոշումն իր հայտնի աշխատության մեջ տեղի է ունեցել 1943 թվականին, և հենց այդ աշխատանքն էր, որ հանգեցրեց Ցեղասպանության մասին կոնվենցիայի մշակմանը, որը 1950-ականներին գլոբալ ուշադրության նոր ալիք բերեց Հայոց ցեղասպանության հանգամանքներին ու իրողություններին (Ցեղասպանության մասին կոնվենցիան, ի վերջո, ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ին)։

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի այսօրվա հաղորդագրությունը եզրափակվում է հետևյալ հայտարարությամբ։

«Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները և ջանք կգործադրի ապագայում կանխելու իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև որևէ նմանություն:»։