Հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը. Սերժ Սարգսյանի ուղերձը` Արցախի վերածննդի օրվա առթիվ

Հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը։ Այս մասին ասված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ ուղերձում։

«Հիշողությունը մեր ուժն է

▪️դիմակայելու վերահաս վտանգներին,
▪️վերանորոգվելու կորուստների ցավից,
▪️խուսափելու անցյալի սխալներից,
▪️վերարժևորելու ներկան,
▪️հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին,
▪️պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:

Հիշողությունը առաջ գնալու մեր ուղենիշն է.

▪️Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:
▪️Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին:

Հիշողությունը գործելու մեր կամքն է՝

▪️հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,
▪️չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,
▪️թոթափելու անտարբերությունը,
▪️հաղթահարելու վախերը,
▪️չկորցնելու զգոնությունը,
▪️անվրեպ հաշվարկելու վտանգները,
▪️կրկին հասնելու հաղթանակի:

Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։

Մենք հիշում ենք»: