Search
Close this search box.

ՀՀ-ում վարակների ակտիվ շրջան է. հոսպիտալացված երեխաների տոկոսը մեծ է

Հայաստանն այս պահին գտնվում է գրիպի և սուր-շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվության շրջանում։

Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ 2025 թվականի երրորդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման օղակ է դիմել 9 հազար 197 պացիենտ, որը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1․2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 70․2 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։

«Առողջության առաջնային կենտրոն թոքաբորբով դիմել է 1134 պացիենտ, ինչը նախաորդ շաբաթվա համեմատ աճել է 1․3 անգամ, իսկ նախորդ ժամանակահատվածի համեմատ՝ 2․8 անգամ։ Ընդհանուր դեպքերի 69 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները։ Հոսպիտալացված 864 պացիենտներից 92․2 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները, իսկ թոքաբորբով հոսպիտալացված 542 պացիենտից 63․8 տոկոսը՝ 0-18 տարեկանները»,- մանրամասնում է նա։

Վերջինիս խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով և ծանր շնչառական վարակներով բուժում է ստանում 62 պացիենտ, որից 48-ը՝ 0-18 տարեկան են։ Այսինքն՝ ցուցանիշներից պարզ է դառնում, որ սուր շնչառական վարակներով վարակվածության դեպքերի մեծ մասն այս պահին բաժին է ընկնում երեխաներին։

Այս համատեքստում Աբովյանը արձագանքում է այն լուրերին, թե բժշկական հաստատություններում հոսպիտալացված երեխաների թիվը անհանգստացնող է:

«Չի կարելի ասել, որ հիվանդանոցները երեխաներով լեփ-լեցուն են։ Այստեղ այլ բան կա․ մեծահասակները, երբ հիվանդանում են, չեն դիմում բժշկական կենտրոններ, փորձում են ինքնաբուժությամբ զբաղվել, իսկ երեխաների պարագայում նման ռիսկի չեն գնում, անմիջապես ահազանգում են կենտրոն, դիմում են բժշկի։ Ստացվում է, որ դեպքերի մեծ մասը երեխաներն են։ Բայց, իհարկե, երեխաները ընդհանուր առմամբ հիմնական թիրախն են վարակների, ինչպես նաև 65-ից բարձր տարիքային խումբ ունեցող անձինք»,- պարզաբանում է նա:

Այժմ Հայաստանում հիմնականում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսը, ասում է մասնագետը։ Հունվարի մեկից մինչ այս պահը հայտնաբերվել են նաև ռինովիրուս, կորոնավիրուս, ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսը. «Վիրուսի ախտանշանները՝ H1N1-ի, տևում են մի քանի ժամից մինչև 3 օր։ Հատկապես ակտիվ է առաջին փուլը, երբ անձը ախտանշաններ ունի, սակայն, միևնույն է, գնում է աշխատանքի, հյուր, շփվում այլ մարդկանց հետ և տարածում վարակը»:

Մանրամասներ՝ սկզբնաղբյուրում;