Search
Close this search box.

ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը. Ռուբինյան. «Ազատություն»

Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, «Ազատության»-ը հայտնեց Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել:

Ռուբեն Ռուբինյանն այսօր էլ շատ մանրամասներ չհայտնեց՝ միայն փոխանցեց. — «Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:

Սա կողմերը համարում են վստահության ամրապնդմանն ուղղված քայլ: Բայց նույն նպատակով ավելի քան երկու տարի առաջ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածություն՝ ամենասեղմ ժամկետում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար դեռ թղթի վրա է: Չնայած սրան՝ հոկտեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրական ակնկալիքներից էր խոսում:

«Ես զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ մի փոքր ավելի պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում, դրական բովանդակություն ունի, և հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ», — ասել է Միրզոյանը:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանը մեկ անգամ չէ, որ ասել է՝ հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից: Հայաստանն ակնկալում է ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, այլ նաև հարաբերությունների ամբողջական կարգավորում՝ առանց նախապայմանների:

Թուրքիայից, սակայն, չեն թաքցնում՝ հայ-թուրքական հաշտեցումն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանական կարգավորման հետ: Երկու օր առաջ նույնը պնդել է այդ երկրի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը՝ խաղաղության հաստատման համար կարևոր պայման համարելով նաև այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացումն ու Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը:

«Քանի դեռ Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, կայուն խաղաղության հասնելն անհնար է: Մշտական խաղաղությունն ապահովելու և այս խնդիրն ապագա սերունդներին չթողնելու համար Հայաստանի Սահմանադրության այս հոդվածը պետք է վերացվի», — նշել է նա: