Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի մասին
‼️Հայաստանի կառավարությունը Սահմանադրական դատարան է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ)՝ Սահմանադրությանը վերջինիս համապատասխանությունը որոշելու համար։
Անհրաժեշտ է ընդգծել․
1. Որպես պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք հայտարարված 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագիրը չի նկարագրում ԱՊՀ-ին անդամակցող երկրների սահմանները, չի պարունակում Խորհրդային նախկին հանրապետությունների վարչական սահմաններին վերաբերող որևէ հղում: Իբրև փաստարկ բերվող այն հանգամանքը, որ սույն հռչակագրով կողմերը ճանաչում են միամյանց տարածքային ամբողջականությունը, էական չէ, քանի որ այս սկզբունքն ամրագրված է թե ՄԱԿ կանոնադրությունում, թե ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտում և այլ միջազգային հիմնարար իրավական փաստաթղթերում, որոնց կողմ են հանդիսանում Հայաստանն ու Ադրբեջանը: Սակայն այս պարտավորության ստանձնումը որևէ կերպ չի կաշկանդել Ադրբեջանին ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք: Հետևաբար, Ալմա Աթայի հռչակագրի հիշատակումը որևէ կերպ չի զսպում ադրբեջանական ագրեսիան: Առավել ևս, երբ կանոնակարգը նախատեսում է ապագայում հիմնարար սկզբունքի փոփոխականության հնարավորություն:
2. Կանոնակարգում առկա են ձևակերպումներ, որոնք էական ռիսկեր են պարունակում Հայաստանի համար։ Մասնավորապես՝ սահմանի հատվածական սահմանազատումը, վեճերի լուծման կարգի բացակայությունը և այլն։
3. ՀՀ իշխանությունները պնդում են, որ սահմանազատման հիմք է ծառայում ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976-78 թթ․ կազմված և 1979 թ․ հերթապահության անցած քարտեզը, որով ուրվագծվում էին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական այն սահմանները, որոնք հանդիսացել են «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահման»։ Սակայն Կանոնակարգի տեքստում այդ քարտեզին որևէ հղում չկա։
Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է․
1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական սահմանի սահմանազատման համար ելակետային սահմանը, այսինքն՝ այն աշխարհագրական ուրվագիծը (սահմանը), որը ներպարփակում է Հայաստանի Հանրապետության տարածքը, պետք է հստակ սահմանված և նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ։ Սահմանազատման արդյունքում այդ ուրվագծի փոփոխությունը ենթակա է հաստատման հանրաքվեի միջոցով։ Հակառակ դեպքում Կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման:
2. Սահմանազատման հիմնարար սկզբունքները պետք է գործեն սահմանի յուրաքանչյուր հատվածի համար։ Այլապես՝ սահմանի յուրաքանչյուր հատվածում Ադրբեջանը կարող է պարտադրել այնպիսի կամայական «հիմքեր», որոնք բացառապես կծառայեն ադրբեջանական շահերին։
3. Սահմանազատման ժամանակ պետք է գործի «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ սկզբունքը»։ Այսինքն՝ որևէ հատվածի սահմանազատում չի կարող վերջնական համարվել, քանի դեռ չի նկարագրվել ամբողջ սահմանը:
4. Սահմանազատման գործընթացի արհեստական ձգձգումը, սահմանազատման շուրջ եղած տարաձայնությունները որպես պատերազմի պատճառ օգտագործելը բացառելու նպատակով՝ հստակ պետք է նշվի, թե ինչպես են կարգավորվելու սահմանազատման գործընթացում առաջացած սահմանային վեճերը։
5. Կանոնակարգն անտեսում է Ադրբեջանի շահերից չբխող միջազգային լավագույն փորձը, անտեսվում են այն իրավական հիմքերը, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետության տարածքային շահերը: Կանոնակարգը հիմքեր է ստեղծում հետագա միակողմանի զիջումների համար:
Առ այդ, #ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հակասահմանադրական է համարում նման փաստթղթի գոյությունը, և հետևաբար այն ենթակա չէ Ազգային ժողովի կողմից ընդունման:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
24.09.2024թ.