Aramvot.am-ը գրում է․ Արցախին սահմանակից Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում՝ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ունենալ, բայց հայ սահմանապահները թույլ չեն տալիս։ Այս մասին, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, Կոռնիձոր այցելած լրագրողներին ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանը։
«Հակարիի կամրջի մոտ կա սահմանազատման խնդիր։ Ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, բայց մենք չենք թողնում։ Սահմանապահ զորքն է զբաղվում այդ հարցով, մենք չենք խառնվում։ Ադրբեջանցիներն ասում են՝ մեր հողն է, մենք ասում ենք՝ մերն է»,- ասաց Սուրեն Ամարյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Հայաստան-Ադրբեջան ամենաերկար սահմանը Կոռնիձոր համայնքում է՝ 18 կմ։ «Այլ բնակավայրերում այդքան երկար սահման չկա։ Չորս տարուց ավելի է՝ մեզ մոտ սահմանապահ զորքերն են կանգնած, մեզ համար խաղաղություն է, կրակոցներ չկան՝ ոչ Ադրբեջանի, ոչ մեր կողմից։ Մարդիկ աշխատում իրենց համար ապրում են»,- հավելեց նա։
«Առավոտ»-ի հարցին, թե արդյոք դա խաղաղությո՞ւն է, եթե թշնամին փորձում է առաջխաղացում ունենալ, Սուրեն Ամարյանը պատասխանեց․ «Դե հիմա իրենք ձգտում են առաջանալ, մենք էլ ենք ձգտում։ Բայց փաստորեն առանց կրակոցների է դա տեղի ունենում, միայն լեզվակռիվ է։ Ես հավատում եմ խաղաղությանը, որովհետեւ վարչապետի ասածը ճիշտ է, որ օգոստոսի 8-ից այսկողմ Հայաստանի համարյա բոլոր սահմաններում էլ խաղաղություն է։ Իսկ օկուպացված տարածքների հարցը Կոռնիձորի վարչական ղեկավարի պրոբլեմը չէ, պետության, կառավարության պրոբլեմն է»։
«Մենք չենք վախենում, թշնամին միշտ մեր կողքին է եղել, 30 տարի առաջ էլ այդ թշնամին մեր գերեզմաններից 200 մետր հեռավորության վրա է եղել»,- հավելեց Սուրեն Ամարյանը։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում





