Search
Close this search box.

Գյումրիում սգո էջը փակված է. Վեհափառի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը․ այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։

Ինչպես հաղորդում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայրապետական հանդիսավոր թափորը խաչերի և խաչվառների առաջնորդությամբ ու ուխտավորների ուղեկցությամբ մտավ նորանորոգ եկեղեցի՝ օրհնելով ներկա ժողովրդին: Տերունական աղոթքից հետո ձեռամբ Հայոց Հովվապետի՝ վերաօծվեց Խորանի Սուրբ Սեղանը:

Տաճարի վերաօծման առիթով նախ իր խոսքը հղեց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Հայրապետական բարձր ներկայությամբ մեր այս ուրախալի օրվա առիթով: Դեկտեմբերի 7-ը մեզ համար սգո օր էր՝ 36 տարի շարունակ: Այսօր՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբացումով, Ձեր հայրապետական ներկայությամբ, մենք հաստատում ենք, որ Գյումրին վերածնվում է, վերածնված է: Այս եկեղեցին վկայում է, որ քաղաքը չմեռավ, քանի որ հավատում էր իր Տիրոջ հարության հրաշքին: Եվ ահա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցմամբ, վերաօծմամբ ու վերաբացմամբ մենք փակել ենք սգո էջը մեր քաղաքի պատմության մեջ՝ չմոռանալով անմեղ զոհերին: Այս եկեղեցին՝ որպես աղոթող հուշարձան, իր ոգեղենությամբ փակում է սգո էջը և բացում հարության էջը»,- իր խոսքում նշեց թեմակալ առաջնորդը:

Եկեղեցու վերաօծման առիթով իր խոսքն ասաց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, գոհունակությամբ առ Բարձրյալ Աստված կատարեցինք Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերօծման արարողությունը: Հոգևոր ցնծությամբ են լցված ամենքիս հոգիները՝ 150-ամյա այս տաճարը, որն ավերվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով, աղետից 36 տարի անց վերստին իր դռներն է բացում քրիստոսասեր ու ավանդապահ գյումրեցի հավատավոր մեր զավակների և ուխտավորների առջև:

Խորհրդանշական է, որ երկրաշարժի նույն օրը կատարում ենք տաճարի վերօծման արարողությունը: Մեր հոգիները, որոնք կրում են ողբալի իրադարձության վիշտն ու դեպքերը, եկեղեցու վերականգնման առիթով ուրախալի զգացմունքներով են պարուրվում՝ որպես առհավատչյան նաև այսօրվա մեր նեղությունների ու խնդիրների հաղթահարման: Մեր ազգի խաղաղ առաքելությամբ տասնամյակների ընթացքում մեր ժողովուրդն իր աշխատանքով ու բարեկամ ժողովուրդների աջակցությամբ շտկեց իր մեջքը և վերածնունդ առավ: Խոնարհված այս եկեղեցին ավերակների միջից վեր հառնեց Շիրակի թեմի բարեպաշտ ժողովրդի ու զորեղ հավատքի շնորհիվ:

Այսուհետ Տիրոջ ողորմությամբ և ձեր աղոթական մասնակցությամբ վերսկսվելու են աստվածապաշտական արարողությունները այս սուրբ եկեղեցու հարկի ներքո: Միշտ հիշե՛ք նվիրումի ու առ Աստված հավատքի շնորհիվ կառուցվող ու վերականգնվող ամեն մի սրբավայր դառնում է հույսի և զորության աղբյուր:

Անժխտելի ճշմարտություն է, որ մեր ժողովրդի հոգևոր կյանքը եկեղեցու շուրջ համախմբվելով է ծաղկում: Շիրակցիների հավատավոր ոգու յուրահատուկ խորհրդանիշ է այս սուրբ եկեղեցին: Սիրելինե՛ր, որքան ամուր դարձնենք մեր հավատքն, այնքան զորություն պետք է ունենանք՝ միասնաբար մեր կյանքի նեղությունները հաղթահարելու: Հայրապետական մեր պատգամն է ձեզ՝ միշտ լինեք ոգով անկոտրում և հոգևոր մեր արժեքները դարձնեք ամուր հիմքը միասնության: Միշտ շեն ու բանուկ պահեք ճանապարհը դեպի այս նվիրական Տաճար»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետը, իր գնահատանքը բերելով 25 տարի անմնացորդ նվիրումով Շիրակի թեմն առաջնորդող Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, նվիրյալ ծառայության համար նրան նվիրեց եպիսկոպոսական պանակե և Քրիստոսի խաչելիության սրբապատկերը:

Վահափառ Հայրապետն իր գոհունակությունն ու գնահատականը տվեց թեմի եկեղեցականներին, ինչպես նաև եկեղեցու վերականգնման գործում իրենց նպաստը բերած անձանց՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Եկեղեցու վերականգնման աշխատանքներին նպաստելու համար Վեհափառ Հայրապետը Վարդան Ղուկասյանին փոխանցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու շքանշանը:

Եկեղեցու վերաօծման արարողությունից հետո մատուցվեց Սուրբ պատարագ: