Գյուղում առկա որոշ թափթփուկներ հերթական անգամ իրենց վեր են դասում օրենքից, բարոյականությունից. Փարաքար համայնքի ընտրված Վոլոդյա Գրիգորյան

Մերձավան գյուղում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է ինձ և իմ ընտանիքին, ովքեր ապրում են այդ բնակավայրում։ Մեկ անգամ ևս ցավակցում եմ մահացածի հարազատներին, վիրավոր համագյուղացուն մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փարաքար համայնքի ընտրված ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը։

«Ցավոք, գյուղում առկա որոշ թափթփուկներ հերթական անգամ իրենց վեր են դասում օրենքից, բարոյականությունից, ինչի մասին տեղյակ է ամբողջ համայնքը։

Շատ ավելի ցավալի է, որ ողբերգության ֆոնին, իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը իմ հանդեպ, այս անգամ ապօրինի կալանավորելով եղբորս ու իմ երկու ընկերներին՝ իբր դեպքի վայրում գտնվելու պատրվակով։ Այս ամենը ուղեկցվում է իշխանական կայքերում իմ հանդեպ լկտի հակաքարոզչությամբ։

Ընտրություններից առաջ նման գործելաոճը դատապարտելի է։

Վստահ եմ, շատ շուտով համայնքում կտիրի բացառիկ համերաշխություն և միասնություն, ինչի համար ես և մեր թիմը անում ենք առավելագույնը»,- գրել է նա։