Գերիների հետ կապված հարցը բանակցային սեղանին պետք է լինի մշտապես, այդ ուղղությամբ իշխանությունները պետք է համապատասխան աշխատանք կատարեն, այդ հարցը բարձրացնելով և երկկողմյան բանակցություններում և միջազգային հարթակներում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով, որ եթե նույնիսկ ինչ-որ գաղտնի աշխատանք է տարվում, այդ գաղտնի աշխատանքը չպետք է բացառի հրապարակային աշխատանքը, որը որ պետք է երևա և Հայաստանի Հանրապետությունում, իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքներին, նրանց հետ անմիջական կապի մեջ լինեն, այն պետք է երևա և նաև երկկողմ բանակցություններում։
«Ես կարծում եմ, որ այդ հարցը իր լուծման ամենաարդյունավետ հարթակում պետք է բարձրացվի, դա միջազգային հարթակներում է և այն հայցերը, որոնք որ պետք է տրվեն, ուղարկվեն միջազգային հարթակներ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների։ Նաև Նոյեմբերի 9-ի ի մաս է կազմում գերիների ամբողջական վերադարձը, որը չի կատարվում։
Գտնում եմ, որ անընդհատ զիջելը Ադրբեջանին, ոչ մի լավ տեղ չի տանելու։ Այս առումով մենք պետք է անընդհատ բարձրացնենք այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները օրինական են ընտրվել՝ Արցախի ինքնորոշման ժամանակ, նաև հետագայում Արցախի Հանրապետության ամբողջ գործունեության ընթացքում մեր մարտական գերի ընկերներն են և նրանց նկատմամբ ուղղակի անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում, կեղծ դատավարություն է իրականացվում, իսկ այդ դատավարությամբ դատում են ոչ միայն նշված անձանց, այդ դատավարությամբ դատում են նաև Արցախի ինքնորոշման իրավունքը և սլաքները ամբողջությամբ մեղադրանքի ուղղում են դեպի Հայաստանի Հանրապետություն»։
Նա նշեց, ոչ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո ՀՀ իշխանությունները գտնում են զիջումների, գտնվում են պարտադրանքի, ճնշումների ներքո, մի օր դրա դեմը պետք է առնել, իսկ դրա դեմը առնելու ամենառեալ, ամենաարդյունավետ ճանապարհը այն է, որ պարտված իշխանությունները պետք է շուտվանից հեռանային»։
Նա նշեց, որ ոչ թե պետք է դադարեցնել բանակցությունները, բանակցությունների ընթացքում պետք է պահանջել գերիների վերադարձ; «Ես կարծում եմ, որ բանակցողները պետք է խելացի մարտավարական քայլեր կիրառեն, նրանք չպետք էդատապարտվեն այն բանի համար որ պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը և ստանձնել են այդ պաշտպանության ղեկավարությունը և տարիներ ի վեր Արցախը պահպանել են որպես հայկական»։
Օհանյանն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները գտնվում են ճնշումների, պարտադրանքների ներքո և այդ ճնշումների շրջանակը ավելանալու է։ «Ադրբեջանը ինքը հանդիսանալով հանցագործ ագրեսոր կողմ, փորձում է այդ միջազգային ճնշումների, միջազգային պատժամիջոցների ամբողջ զինանոցը կիրառել ՀՀ նկատմամբ։ Դա և բանակ չունենալու պահանջն է, և զինված ուժերի վերահսկողության պահանջն է, և մեր տարածքում գտնվելն է, և պարտադրանքով սահմանազատում, սահմանագծում իրականացնելն է, և 300 000 ադրբեջանցիների վերաբնակեցման պահանջն է Հայաստանում, և սահմանադրության փոփոխության պահանջն է։ Ադրբեջանն այսօր փորձում է այդ սլաքներն ուղղել Հայաստանի դեմ և Հայաստանի Հանրապետության իշխանությունները, եթե չպայքարեն, դրա դեմը չառնեն, ապա այդ սլաքները ուղղվելու են անընդհատ և արդյունքում մի օր կարող է հանգեցնել նոր ռազմական բախումների»-ասաց Օհանյանը։