Կարծում եմ՝ պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել, անընդհատ կան շրջանակներ, որոնք դավադրապաշտական բաներով են հանդես գալիս բոլոր պրոցեսների վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կովիդի պատճառով չի մեկնի ԱՊՀ գագաթնաժողովին:
Դիտարկմանը, որ եթե վարչապետը քովիդով վարակված էր, ինչպե՞ս էր նախկին նախագահներին բանավեճի հրավեր ուղարկում, Կոնջորյանն ասաց. «Բանավեճի հրավերը արվում է, կարող է այն տեղի ունենա, ասենք, մի շաբաթ հետո: Բանավեճը հենց այդ պահին չի տեղի ունենում:
Երբ որ վարչապետը այս կամ այն որոշումը կայացնում է, նա պարզ և հստակ կոմունիկացնում է թե՛ մեր հանրության, թե՛ միջազգային գործընկերների հետ, և եթե ինքը որևէ ասելիք ունի, այդ ասելիքը հստակ և աներկբա ասում է, և որևէ բան թաքցնելու, որևէ բանից խուսափելու անհրաժեշտություն չկա»:
Անդրադառնոլվ ԼՂ բանակցային գործընթացին, Կոնջորյանն ասաց. «Երբ կա տասնամյակներով բանակցված, այսպես ասած, իներցիա, այդ իներցիան դու չես կարողանում փոխել, որքան էլ որ ցանկանաս: Մենք փորձել ենք փոխել ֆորմատը, Դա չի ստացվել, որովհետև Հայաստանի երեք նախկին ղեկավարները տասնամյակներով գնացել և, ըստ էության, արդեն դակել էին, կնիքել էին այն բանակցային մտածողությունն ու տրամաբանությունը, որը անհնար դարձրեց որևէ այլ զարգացում:
Հարցին՝ ուշացած չէ՞ր Փաշինյանի՝ բանավիճելու առաջարկը, արդյոք չպետք է այդ առաջրկն արվեր այն ժամանակ, երբ Արցախից դեռ ինչ-որ բան մնացել էր, ՔՊ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ Փաշինյանը նմանառաջարկ արել է նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ՝ 2021-ին, ու իրենք էլի խուսափեցին, չեկան. «Վարչապետը բազմիցս խորհրդարանական ընդդիմությանը, այդ թվում հրապարակային առաջարկել է հանդիպել փակ ֆորմատով, բաց ֆորմատով, ոնց որ իրենք կնախընտրեն և ներկայացնի այն, ինչ որ տեղի է ունենում բանակցություններում և այլն։ Ընդդիմությունը կարող էր ասել՝ շատ լավ, բայց մենք ուզում ենք նաև, որ մեր հետ գա Ռոբերտ Քոչարյանը։ Դժվար թե մենք ասենք՝ չէ, Ռոբերտ Քոչարյանը թող դռան մոտ սպասի։ Պարզ է, ասելու ենք՝ թող գա, եթե ուզում է, բայց չեն ուզել: Ավելին, ընդդիմությունը նույնիսկ մի անգամ դեպք եղավ, երբ որ ուղիղ եթերի ժամանակ ընդդիմադիրները համաձայնվեցին, ասեցին՝ այո, հետո գնացին, երևի իրենց վրա ջղայնացան, ասացին՝ էս ինչ եք անում ու չեկան»:
Կոնջորյանը նկատեց, որ ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի, որովհետև դա ընդդիմության շահերից է բխում. «Ընդդիմությունը իշխանությանը ասում է՝ արի հետս բանավեճի, որ ինքը հնարավորություն ունենա համոզել ժողովրդին, որ իշխանությունը սխալ է, իշխանությունը վատ է կառավարում, մենք ավելի լավ կկառավարենք, դրա համար ընտրեք ինձ: Հայաստանում իշխանությունն է ընդդիմությանը կանչում բանավեճի, և ընդդիմությունը հրաժարվում է գալ, ինչու՞, որովհետև ընդդիմությունը համոզված է, որ ինքը չի կարողանալու ժողովրդին հակառակի մեջ համոզել:
Ընդամենը օրեր առաջ հանրային հեռուստատեսությունը բանավեճի առաջ հրավեր էր ուղարկել ինձ և Սեյրան Օհանյանին, որպես խմբակցությունների ղեկավարների: Ես անմիջապես բնականաբար համաձայնվել էի, պարոն Օհանյանը էլի հրաժարվել է բանավեճից»,-ասաց նա:
Սրանից Կոնջորյանը բխեցրեց, որ ընդդիմությունը հույսը չի դնում ժողովրդի աջակցության վրա, հակառակ դեպքում կգային, կխոսեին:
«Եթե Փաշինյանի եւ նախկին նախագահների այդ բանավեճը տեղի ունենա, այդ բանավեճից հետո նախկին նախագահների անպարտելիության միֆը վերջնականապես ջարդուփշուր է լինելու։
Հիմա, որ ասում են մենք հաղթած նախագահներն ենք, Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավարն է, Հայաստանի երեք հաղթած նախագահներից ոչ մեկ Հայաստանում ժողովրդի քվեն չի ստացել, բոլոր հաղթած նախագահները պարտվել են ընտրություններում և իրենց կողմից պիտակվող պարտված վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթել է Հայաստանում ընտրություններում: