Search
Close this search box.

«Ես nղջ եմ, կգամ ու կասեմ …». մի քանի օր Սևանում որոնվող տղամարդը զանգահարել ու ասել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, իր ընկերների հետ է հեռախոսով կապ հաստատել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ն և հայտնել, որ իզուր են իրեն մի քանի օր ջրափրկարարները, ջրասուզակներն ու ոստիկանները որոնում, ինքը ողջ է, կգա և ամեն ինչ կասի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սեպտեմբերի 5-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած և նրա ընկերներն ու բարեկամները նրան պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել էին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ անտառում, իսկ նրա հագուստները՝ ավտոմեքենայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ լճի ափին։

Օրեր շարունակ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Սևանի ջրասուզակները, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գյուղացիները, ինչպես նաև նրա մի քանի ընկերներ որոնողական աշխատանքներ են իրականացրել, որին նաև մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները։

Իսկ նրա կորելու փաստով Մարտունու քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա արդեն հեռախոսային կապ է հաստատել նաև ոստիկանության Մաշտոցի և Մարտունու բաժինների ղեկավարների հետ ու հայտնել այն, ինչ-որ իր ընկերներին է ասել, թե կգամ ու պատճառը կասեմ։

Այստեղ են ասում՝ «Աշխարհ կանգնի՛ր, իջնող կա». մի քանի ծառայություններ մի քանի օր է առավոտյան ժամը 08:00-ից մինչև մութն ընկնելը որոնողական աշխատանքներ են կատարել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, Սևանի ջրասուզակները և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները շարունակում էին Սևանա լճում կատարել որոնողական աշխատանքներ՝ Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի դին հայտնաբերելու ուղղությամբ։

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին էին դիմել Միքայել Ս.-ի հարազատները և հայտնել էին, որ Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, իրենք որոնողական աշխատանքներ էին կատարել, որտեղ հայտնաբերել էին Միքայել Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ ծառերի մեջ կայանված, իսկ ավտոմեքենայից բավականին հեռու՝ լճի ափին՝ նրա հագուստներն ու հողաթափերը։

Ջրասուզակները որոնողական աշխատանքներ էին կատարում, քանի որ կար վարկած, որ հնարավոր էր որոնվող քաղաքացին ավտոմեքենան կայանել էր, ապա լողանալու նպատակով մտել էր Սևանա լիճ և ջրահեղձ եղել։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։