Search
Close this search box.

Ես կողմ եմ Արփի Դավոյանի թեկնածությանը. նա շուտով իրավաբանական դիպլոմ է ստանալու. Հովիկ Աղազարյան

ՔՊ պատգամավորները մի քանի թեկնածու են քննարկում Արդարադատության նախարարի պաշտոնի համար։ Արդեն տևական ժամանակ է՝ քննարկվում է Արփի Դավոյանի թեկնածությունը։ Այսօր հայտնի դարձավ, որ քննարկվում են նաև Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունները։ Մեր տեղեկություններով՝ այսօր ՔՊ-ական պատգամավորները նիստ են արել և քվեարկությամբ ընտրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։

Ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը՝ Սիսակ Գաբրիելյանն ինքնառաջադրվել է, նրա թեկնածությանը կողմ են Խաչատուր Սուքիասյանը, Հրաչյա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը։ Չնայած դրան՝ ՔՊ-ական շատ պատգամավորներ Արդարադատության նախարարի թեկնածու նրան չեն դիտարկում։

Հրաչյա Հակոբյանն Aysor.am-ի հետ զրույցում հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նիստ չի եղել, և որ եթե լիներ, ինքն անպայման ներկա կլիներ։

«Դժվար թե նիստ եղած լիներ ու ես բաց թողած լինեի։ Այո՛, այդ բոլոր մարդկանց թեկնածությունն էլ քննարկվում է»,-նշեց պատգամավորը։

Հարցին՝ ով ավելի մեծ շանս ունի՝ Աղազարյանը պատասխանեց.«Չեմ կարող ասել, թե ով ավելի մեծ շանս ունի։ Կարող եմ միայն ասել, թե ում եմ ես ուզում։ Ես  կաղմ եմ  Արփինե Դավոյանի թեկնածությանը։ Կան մարդիկ, որ էլի ցանկանում են, որ Արփինե Դավոյանը լինի, սակայն չեմ կարող ասել, թե ովքեր են»։

Դիտարկմանը՝ նորմա՞լ է, որ ոլորտը ղեկավարի իրավաբանական կրթություն չունեցող անձը, Սիսակ Գաբրիելյանն ու Արուսյակ Ջուլհակյանն, օրինակ, ունեն իրավաբանական կրթություն, իսկ Արփի Դավոյանը՝ ոչ, պատգամավորն արձագանքեց․

«Ես էլ տնտեսագիտական կրթություն չունեմ, բայց քանի տարի է՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ եմ և այդ ընթացքում մեծ գիտելիքներ եմ ձեռք բերել։ Կներեք անհամեստությանս համար, բայց ես ավելի լավ եմ ոլորտը պատկերացնում, քանի հարյուրավոր մարդիկ, ովքեր տնտեսագիտական կրթություն ունեն։ Արփի Դավոյանը հիմա ավարտել է իրավաբանական կրթությունը, շուտով մագիստրոսի  դիպլոմ կստանա։ Բացի դրանից, Արփի Դավոյանն արդեն քանի տարի է՝ Պետաիրավական հանձնաժողովի անդամ է և ամենայն լրջությամբ է վերաբերվել իր գործին։ Աչքերիս առաջ այդ ուղղությամբ իր մակարդակը բարձրացել է։ Մյուս պատճառն էլ այն է, որ Արփի Դավոյանը մեր քաղաքական թիմի հնագույն անդամներից մեկն է և, հետևաբար, իր նկատմամբ վստահության աստիճանն ավելի բարձր է։ Բացի այդ, Դավոյանը միակ կինն է, ով հանդիսանում է ՔՊ վարչության անդամ, լիքը բաներ կան»։

Հարցին, թե Արփի Դավոյանն իր համաձայնությունը տվե՞լ է՝ Աղազարյանն պատասխանեց.«Որքանով որ տեղյակ եմ՝ այո, ինքը ցանկանում է»։