Ուրբաթ Մյանմայում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով էներգիա է արձակվել, որը համարժեք է ավելի քան 300 ատոմային ռումբի պայթյունին, CNN-ին ասել է երկրաբանը՝ զգուշացնելով, որ հետցնցումները, հավանաբար, կշարունակվեն ողջ տարածաշրջանում:
«Այն ուժը, որն արձակում է նման երկրաշարժը, հավասար է մոտ 334 ատոմային ռումբի»,- CNN-ի հարցազրույցում ասել է երկրաբան Ջես Ֆենիքսը։
Նա նաեւ նախազգուշացրել է, որ հետցնցումները կարող են շարունակվել ամիսներ շարունակ, քանի որ հնդկական տեկտոնական սալը շարունակում է հարվածել Մյանմայի տակ գտնվող Եվրասիական սալին:
Ֆենիքսն ավելացրել է, որ Մյանմայի ավերածությունները միայն կվատթարանան երկրի քաղաքացիական պատերազմի պատճառով։
Հակամարտությունը, զուգորդված կապի անջատման հետ, խանգարում է արտաքին աշխարհին հասկանալ երկրաշարժի իրական հետեւանքները:
Ըստ տեղական իշխանությունների տվյալների՝ Մյանմայում ավելի քան 1 000 մարդ է մահացել։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գնահատել է, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 10 000-ը՝ հիմնվելով իր վաղ կանխատեսումների վրա: