SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի գնացել է Ֆուչիկի 21 հասցե և դիտավորյալ մեքենա հրկիզել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ պարզել են, որ ժամը 22։10-ի սահմաններում Ֆուչիկի 21 հասցեի մոտ Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Սերգեյ Մ․-ն դիտավորությամբ դյուրավառ հեղուկը լցնելով իր քրոջ դստեր, Երևանի բնակիչ 39-ամյա Սուսաննա Ա․-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա հրկիզել է այն՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս:
Տեղում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները իրականացնում են «քեռին եկավ մեր բակը» օպերացիա, և նրանց կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սերգեյ Մ․-ն Ֆուչիկի 21 հասցեի մոտից հայտնաբերվում և գույքը դիտավորյալ վնասելու կամ ոչնչացնելու կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Մաշտոցի բաժին: