Դեռ որոշում չունենք, երբ լինի որոշում, պատշաճ ձեւով կտեղեկացնենք, թե արդյոք մասնակցում ենք COP-29-ին, թե ոչ, վերջնական որոշում կա մասնակցելու կամ չմասնակցելու, եւ ինչ մակարդակով մասնակցելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Նա ընդգծեց, որ դա կախված է գործընթացի դինամիկայից, կոնկրետ այս պահին հստակ առանձին խնդիր մատնանշած չունեն. «Այս պահին ընդհանուր կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ամեն ինչ թափանցիկ է եւ հավելյալ մեկնբանությունների կարիք չենք տեսնում»,-ասաց Կոստանյանը:
ԱԳ փոխնախարարի խոսքով, հյ գերիներին ազատ արձակելու մասին Եվրոպացի պատգամավորների հայտարարություններն ու կոչերը խոսում են այն մասին, որ գերիների խնդրի հասցեագրումը շատ կարեւոր է. «Մենք նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, որ բոլոր հայ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք ի վերջո վերադառնան Հայաստան»:
Հարցին՝ Բաքվի հետ քննարկումներ կա՞ն կոնկրետ COP-29-ի համատեքստում, գերիների եւ այլ հարցերի հետ կապված, Վահան Կոստանյանը պատասխանեց. «Ընդհանուր բանակցային դինամիկայից պետք է դատել: Բնականաբար կան խողովակներ, որոնցով ընթանում են շփումներ»: