Պարոն Թունյան, գրեթե չպատմեցիք, թե տնտեսական ի՞նչ ապագա է սպասվում մեր երկրին։ Այս մասին ԱԺ–ում հարցրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Բաբկեն Թունյանին։
«Մենք սպասում էինք ձեզանից ավելի պրոակտիվ ներկայացում մեր երկրի ընդհանուր տնտեսական մոդելների, ապագա զարգացման, ոլորտային առաջնահերթությունների մասին, բայց մենք լսեցինք, որ դուք արել եք ինչ–որ քայլեր ու գրեթե չպատմեցիք այն ապագայի մասին, որ առաջարկում եք մեր հանրությանը։ Ուշադրություն դարձնենք, որ մենք գտնվում ենք տնտեսական բարձր ցիկլում, պղինձը պատմականորեն ամենաթանկ գնի վրա է, կա ռուս-ուկրաինական պատերազմ, որի արդյունքում միլիարդներ են հոսում Հայաստան, բայց միևնույն ժամանակ՝ անգամ այսքան հավելյալ շահույթի դեպքում, մեր երկիրը շարունակում է ավելացնել պետական պարտքը բարձր տոկոսով»,– հավելել է Կարապետյանը։
Ի պատասխան ՝ Թունյանը նշել է, որ իրենց անցած տարիների արդյունքների մասին իրենք ընտրողներին են ներկայացրել, ու ընտրողները իրենց ձայն և մանդատ են տվել, որպեսզի այդ ամենը շարունակեն։
«Հայաստանի Հանրապետությունում, եթե նայեք վերջին վիճակագրական կոմիտեի հրապարակումը, միջին կենսաթոշակը 59,000 դրամ է, իսկ աղքատության միջին գիծը 54,000 դրամ, ենթադրում եմ, որ այն ցուցանիշը, որը կհրապարակվի 2026 թվականի համար, շատ ավելի լավատեսական կլինի, քան դուք պատկերացնում եք»,– ասել է Թունյանը։





