ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հրաման է ստորագրել ԵՊՀ ամբիոնի վարիչների մրցութային ընտրություն նշանակելու եւ անցկացնելու մասին: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնը 2021թ նոյեմբերից վարիչ չունի, իսկ այժմ միակ թեկնածուն Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի՝ ժամավճարով դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Տարոն Դանիելյանն է: Վերջինս հայտնի հանդիսավար է, թամադա: Նրա վարած հարսանեկան եւ այլ արարողությունների տեսանյութերը բազմաթիվ են:
Aravot.am-ը կապվեց Տարոն Դանիելյանի հետ: Նրանից հետաքրքրվեցինք՝ ամբիոնի վարիչ ընտրվելու դեպքում կարողանալո՞ւ է համատեղել հանդիսավարի իր գործունեությունը դասավանդման եւ ամբիոնը ղեկավարելու հետ: «Նախորդ տարիներին նույնպես եղել եմ հանդիսավար եւ ունեմ 42 գիտական հոդված, որոնցից 11-ը գիտական հանդեսներում են տպագրվել, որոնք ընդգրկված են Scopus եւ Web of science շտեմարաններում:
Հանդիսավարությունը չի խանգարել, որ զբաղվեմ գիտությամբ: Եթե ընտրվեմ, գուցե հանդիսավարության աշխատանքը մնա շաբաթ եւ կիրակի օրերին»,-ասաց մեր զրուցակիցը: Նաեւ նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու է միայն ինքը միակ թեկնածուն: Ի դեպ, ինչպես Aravot.am-ը տեղեկացավ ԵՊՀ դասախոսներից, պրոֆեսորադասախոսական կազմը պատշաճ տեղեկացված չի եղել, թե երբ է մրցույթը անցկացվելու, անգամ ներքին կարգով ամբիոնների նիստերի ժամանակ չեն տեղեկացվել, եւ այդ մասին իմանալու համար, ի տարբերություն նախորդ տարիների, այժմ դասախոսը ստիպված է տեւական ժամանակ փորփրել ԵՊՀ կայքը, մինչդեռ նախկինում ցանկացած նոր տեղեկատվություն կայքի տեսանելի հատվածում էր լինում: Տարոն Դանիելյանին հարցրինք՝ լսարան մտե՞լ է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նա ասաց, որ ժամավճարով է դասավանդել փոքր ծանրաբեռնվածությամբ, իսկ դրանից առաջ եղել է համալսարանի թեկնածուների պաշտպանության մասնագիտական խորհրդի անդամ, 012 գրականագիտության խորհրդի անդամ՝ ժուռնալիստիկա մասնագիտության գծով, նաեւ աշխատում է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում: