Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոչ թե կրկնում է իմ ավելի վաղ ասած խոսքերը, այլ ինքը խոսում է իսկության մասին, որի մասին շատերը սարսափում են խոսել. Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երբեմնի մասնակից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել էր, որ երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան, քանի որ Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են։ Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը ևս հայտարարել էր, որ «Սրբազան պայքարը» գլխավորվել և կառավարվել է նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից, որոնք պետք է հեռանան։
«Համակարգն արդեն խորքային «ճաքեր է տալիս», որը կանգնեցնել չեն կարող։ Հայկական էլիտայի հավաքագրումը տեղի է ունենալու, համոզված եմ՝ շատ շուտով ու մենք ունենալու ենք հայկական պետություն՝ իրական բովանդակությամբ»,-ասաց Պետրոսյանը։
Դիտարկմանը, թե արդյո՞ք ըստ նրա՝ Բագրատ Սրբազանը աչալուրջ կլինի Միքայել Սրբազանի խոսքերին, Պետրոսյանը նշեց, որ չի կարող ասել՝ ինչ շարունակություն կլինի։ «Չեմ ուզում մանրամասներ հայտնել, բայց այդ մասին ես Սրբազանի հետ հանդիպմանը բազմաթիվ անգամ ասել եմ, թե ինչ է սպասվում, եթե մենք գնանք այդ ճանապարհով։ Ցավոք, Բագրատ Սրբազանը չի տեսնում, որ իրեն «ժերտվա» են տալիս, ներողություն այդ բառի համար։ Բայց շատ շուտով կտեսնի, ժամանակը կգա, կտեսնենք, թե իրականում ովքեր էին կամ ով էր գաղափարին ու սկզբունքին հավատարիմ և ովքեր էին ինչ-ինչ նպատակներ հետապնդում»,-ասաց նա, միաժամանակ նշեց, որ հիմա Սրբազանն այլ տարբերակ էլ չունի։
«Այն ժամանակ եմ ասել, որ կա երկու կարևոր ընտրություն՝ կա՛մ պառլամենտական ընդդիմությունը գործում է երկու նախագահների գլխավորությամբ, կա՛մ ժողովուրդը։ Եթե ժողովրդի վրա չեք հենվում, դուք տապալվելու եք բոլոր փորձություններում։ Հիմա այս շարժման միակ հենարանը երկու նախագահներն են՝ դաշնակցության հետ։ Եվ հիմա վեճը տեղափոխվել է լրիվ այլ հարթություն, օրինակ, վերջին ընթացքն ամբողջությամբ երրորդ նախագահն է ուղղորդում՝ իր թիմակիցների միջոցով։ Եվ այս պարագայում, երբ միակ հենարանն իրենք են, այլևս չեն կարող ռեինկարնացիա ապահովել»,-ասաց նա։
Սուրեն Պետրոսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը այս համակարգի կատարյալ դրսևորումն է՝ բոլոր արժեքներն իր մեջ կրելով։ «Իրենք ցույց տվեցին, որ եթե ինչ-որ մեկը դուրս գա այս համակարգի դեմ, տեսեք, թե ինչ կլինի նրա հետ։ Դրանից հետո կարծում եք՝ Սրբազանն ինչ-որ բան կա՞նի՝ ես չեմ հավատում»,-ասաց նա։
Քաղաքական գործիչը շարունակեց, որ երեք ուժերը միասին 3000 հոգի չեն կարողանում հավաքել։ «Ես ոչ թե դրա համար չարախնդում եմ, այլ սա պատմական աղետ է, մենք պատմական հնարավորությունը կորցրինք, ոչ միայն Նիկոլ Փաշինյանին վռնդելու, այլև համակարգային փոփոխություններ անելու, նոր էլիտա հավաքագրելու, նոր բովանդակությամբ քաղաքականություն ձևավորելու պատմական հնարավորությունը բաց թողեցինք»,-ասաց նա։
Սուրեն Պետրոսյանը նշեց, որ ինքն առաջինը բարձրաձայնեց դրա մասին, բայց դեռ այդ մասին կխոսեն. «Սրբազանն է խոսում, թե ես եմ խոսում՝ այլևս կասեցնել չեն կարող, դրանից հետո կխոսի երրորդը, չորորդը․․․ Հիմա մեկ էլ լսում ես, որ ասում են՝ մանդատները վայր դրեք, բայց դա ինչի՞ն է նպաստելու, գնալու են ինչ-որ ընտրության չէ՞, իսկ այդ մարդիկ ո՞ւր էին, որ ես մայիսի 9-ին ասում էի՝ վայր դրեք»,-ասաց նա և նշեց, որ ինքը որևէ պաշտոնի ակնկալիք չունի և չի էլ ստանձնելու։
«Թեև լուտանք ստացա, բայց, միևնույն է, փոփոխություններ բերողն էլի մենք ենք լինելու»,-ընդգծեց Պետրոսյանը։