Search
Close this search box.

Ցանկանում ենք տարածաշրջանում կայունության համար հանդես գալ որպես միջնորդ. Վրաստանի արտգործնախարար

Վրաստանը ցանկություն ունի միջնորդի դերում հանդես գալու տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը ամրապնդելու համար։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։

«Տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը ամրապնդելու համար Վրաստանը ցանկություն ունի միջնորդի դերում հանդես գալու։ Մենք կարտահայտենք մեր պատրաստակամությունը` դյուրացնելու այս խաղաղության գործընթացը, որ ընթանում է մեր հարևան երկրների միջև։ Վրաստանը նվիրված է կայուն խաղաղություն տեսնելու ցանկությանը»,– նշեց Բոճորիշվիլին։

Նա հույս հայտնեց, որ խաղաղության պայմանագիրը (հայ-ադրբեջանական-խմբ.) այնպիսի դրույթներով կամփոփվի, որ երկուստեք ընդունելի կլինի։ Ըստ վրաց դիվանագետի` միայն դա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության համար։ Բոճորիշվիլին ընդգծեց նաև, որ Վրաստանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ։
«Հայաստանն ու Վրաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, այդպես կանեն նաև ապագայում։ Մենք պատրաստ ենք ավելի ինտենսիվացնել մեր ջանքերը` այս տարածաշրջանում երկկողմ ընդունելի նախագծեր հաստատելու համար»,– ասաց Վրաստանի ԱԳ նախարարը։
Մակա Բոճորիշվիլին իր ելույթի ժամանակ նաև Արարատ Միրզոյանին հրավիրեց Վրաստան։ Միրզոյանն էլ ընդունեց հրավերը և ասաց, որ սիրով կայցելի Վրաստան։