Երևանի Շենգավիթ համայնքում Փաշինյանին «դավաճան» անվանած բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը վերաորակվել է, ու հիմա ատելության խոսքի տարածման փոխարեն նրան ներկայացվել է խուլիգանության մեղադրանքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 26–ին, Facebook–ի իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Այն նույն ձայնագրությունը, որն առաջ որակվում էր որպես ատելության խոսք, հիմա որակվում է որպես խուլիգանություն։ Խուլիգանությունը ռեժիմի վերջին ամենասիրած հանցակազմն է, եթե այլ մասերով խնդիր է ունենում, արագ որակվում է խուլիգանություն»,- նշել է Մելիքյանը։
«Մարդիկ կարող են ասել՝ այդ խոսույթը լավն է, լավը չէ, ինչ ուզում եք՝ կարող եք քննարկել, բայց մի բան փաստ է՝ դա որևէ հանցագործություն չի կարող դիտվել, որովհետև ազատ խոսքի դրսևորում է, ատելության խոսք չէ։ Եթե մենք դասական ատելության խոսքի իրականացնող Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հարց չենք բարձրացնում, ապա դա ուղղակի ոչ իրավաչափ է, հակաժողովրդական»,- ընդգծել է Մելիքյանը։
Պաշտպանի խոսքով՝ քննիչն այսօր արդեն նախաքննության ավարտի մասին է հայտնել, ինչը, ըստ Մելիքյանի, սպասելի էր։ Նրա կարծիքով՝ առաջին դատական նիստն ամենայն հավանականությամբ կկայանա ընտրություններից 1-2 օր հետո։
Մելիքյանը հիշեցրել է, որ Արտակ Ավետիսյանը 3 երեխաների հայր է, որոնցից 2-ն անչափահաս են։ Կինը հղի է, սպասում են 4-րդ երեխային։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգեր Արտակ Ավետիսյանին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման էին ենթարկել ոստիկանության բաժին։ Մայիսի 14-ին նրա տանը խուզարկություն էր անցկացվել, իսկ հաջորդ օրը նա կալանավորվել էր 1 ամսով։
Այս գործի առնչությամբ ՔԿ հաղորդագրության մեջ ասվում էր. «Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026–ի մայիսի 12-ին Ա.Ա.-ն օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութի ընթացքում կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)»։





