Այս պահին Ադրբեջանում դատավարությունների տակը են գտնվում 16 արցախցի, կամ ավելի լայն, հայ ռազմագերիներ, որոնք դեռևս չեն դատապարտվել, ինչ-որ ընթացքում է քրեական գործը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Քաղաքական դատավարությունները Բաքվում, ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց Արցախի նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Բայց քանի որ հատուկ հայտարարություն է եղել Ռուբեն Վարդանյանի մասով, հատուկ ուշադրություն կա և Ադրբեջանի իշխանությունների, և տարբեր միջազգային կառույցների կողմից, այս տեսանկյունից, կարծես թե, ադրբեջանական իշխանությունները հատուկ վերաբերմունք են ցուցաբերում բացասական առումով բոլոր քաղաքական ղեկավարների հանդեպ, բայց հատկապես Ռուբեն Վարդանյանի հանդեպ: Նաև հաշվի առնելով, որ նրա ընտանիքը և նրա միջազգային իրավաբանական թիմը ավելի հանրայնորեն են պայքարում և ավելի ագրեսիվ են պայքարում այդ քրեական գործերի դեմ։
Ես վստահ եմ, որ բոլոր գործերը կարված են, հաշվի առնելով, որ նաև թե ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ինչ մեղադրանքներ էին ներկայացնում ի սկզբանե, այդ թվում Ռուբեն Վարդանյանի, որոնք հիմնականում ներառում էին ահաբեկչության կազմակերպում, ֆինանսավորում և այլն: Իսկ Արցախի ժողովրդի պայքարը որևէ կերպ հնարավոր չէ ահաբեկչության մեջ տեղավորել, որովհետև այն, ինչ որ ռազմական է եղել, ինքնապաշտպանություն է եղել, մնացածը ամբողջապես քաղաքական է եղել»,-ասաց նա:
Արտակ Բեգլարյանը նկատեց, որ նույն ռազմական պայքարը ինքնապաշտպանության կոնտեքստում էլի մեր քաղաքական իրավունքների, մեր հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության համար է եղել։
«Ռուբեն Վարդանյանն, նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, և մնացած ղեկավարները այս քաղաքական պայքարի դեմքերից, առաջնորդներից են եղել: Իրենք այնտեղ են, որովհետև ղեկավարել են, առաջնորդել են մեր քաղաքական պայքարը 90-ականներից ի վեր»,- ընդգծեց Բեգլարյանը: