«Առավոտ» թերթը գրում է. «Այդքան տարփողված «Ազգային հպարտության տրիբունալը» և նրա աղմկահարույց որոշումը մի շարք հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները, թերևս, լավ կլիներ լսել մասնագետ իրավաբաններին և այդ տրիբունալը նախաձեռնող, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանից։
Բառը ծագում է լատինական «տրիբունալ»՝ դատարան, դատելու վայր բառից։ Հին Հռոմում տրիբունալ կոչում էին քարից, հողից, կամ փայտից պատրաստված քառանկյուն բարձունքները, որոնց վրա նստում էին դատավորներն ու վճիռներ էին կայացնում։ Հետագայում, միջին դարերում տրիբունալն օգտագործում էր եկեղեցին՝ անհավատներին դատելու նպատակով։ Արդեն 19-20-րդ դարերում տրիբունալները մի քանի տեսակ էին, որոնք քննում էին ռազմական և առանձնահատուկ ծանր քաղաքացիական հանցագործությունները։ Արտակարգ դատարանների այս ֆունկցիան 20-րդ դարում ընդամենը մեկն է. կազմավորվելուց հետո քննարկել կոնկրետ որևէ գործ, վճիռ կայացնել և դադարեցնել իր գործունեությունը։
Այս տարվա ապրիլին Արշակ Կարապետյանը հայտարարեց «Ազգային հպարտության տրիբունալ» ստեղծելու մասին, որը պետք է քններ ՀՀ քաղաքացիների դիմումները, մանրակրկիտ զններ բերված բոլոր փաստարկները, հայտնաբերված փաստերի հիման վրա համակողմանի վերլուծեր Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործունեությունը՝ իշխանությանը գալուց ի վեր։
Արշակ Կարապետյանը նաև խոստանում էր, որ տրիբունալին Հայաստանի և արտերկրի հայտնի իրավաբաններ են մասնակցելու։ Գրեթե կես տարի անց նախկին պաշտպանության նախարարը հրապարակեց տրիբունալի կայացրած որոշումը։ Բովանդակության հետ որևէ խնդիր չկա։ Ակնհայտ է, որ իրավական փաստաթղթի վրա մասնագետներ են աշխատել, որոնք լավ տիրապետում են իրենց գործին։ Մասնավորապես, նշված են ՀՀ Սահմանադրության բոլոր այն կետերը, որոնք իր պաշտոնավարման ընթացքում խախտել է Նիկոլ Փաշինյանը, համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ, ինքնակամ հանձնելով Արցախը, արցախցիներին զրկելով տնից ու ընտանեկան օջախից, դատապարտելով տառապանքի ու թափառման։
Փաշինյանը, ըստ տրիբունալի որոշման խախտել է Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 27-րդ, 39-րդ և 42-րդ, 205-րդ, 206-րդ հոդվածները, անտեսել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի՝ 1992 թ-նի հուլիսի 8-ի որոշումը, որն ասում է «հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Իսկ դա լիովին բավարար է Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին պատմության և մարդկության դատաստանին արժանացնելու համար։
Տրիբունալը նաև մեկ տասնյակ առաջարկներ է անում, որոնք ձևով ու բովանդակությամբ կարևոր են։ Բայց առնվազն սխալ է ենթադրել, որ գործող վարչապետը կանսա որոշման 5-րդ կետին ու կամավոր հրաժարական կտա։ Փաշինյանի բոլոր գործողությունները այսօր միտված են ամեն գնով իշխանությունը պահելուն։
Պաշտպանության նախկին նախարարը նաև չի հրապարակում տրիբունալի կազմը, ինչը ևս կասկածելի է։
Իհարկե, կազմված փաստաթուղթը իրավական առումով անխոցելի է, բայց հայ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե ովքեր են հավաքվել, փաստեր հավաքել ու քննել, նման որոշում կայացրել։ Եվ, ի վերջո, ո՞րն է լինելու այս որոշման իրավական ու քաղաքական հետևանքը, ինչպե՞ս պետք է հասնել դրա կատարմանը։ Հարցեր են, որոնք պարզաբանման կարիք ունեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում