Եղբայրներ և քույրեր, սիրելի հայեր՜
Շնորհավորում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին, որ բնագավառում էլ որ նրանք աշխատելիս լինեն, Հայաստանի արհմիությունների Կոնֆեդերացիային, հասարակական և ըստ բնագավառների՝ արհմիութենական կազմակերպություններին Աշխատանքի օրվա՝ մայիսի 1-ի կապակցությամբ։
Այս տոնն ունի հարուստ պատմական ավանդույթներ, որոնց հիմքում սերն է ստեղծագործ աշխատանքի հանդեպ՝ ի շահ մեր Հայրենիքի, հարգանքը աշխատավորական կոլեկտիվների և յուրաքանչյուր անհատի մասնագիտական նվաճումների նկատմամբ: Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անձնական ներդրում ունեն պետության և հասարակության զարգացման, պաշտպանունակության, տնտեսության և սոցիալական ոլորտի ամրապնդման գործում:
Աշխատավորների իրավունքների պաշտպանության համակարգում կարևորագույն տեղ է զբաղեցնում 1992 թվականին հիմնադրված Հայաստանի արհմիությունների Կոնֆեդերացիան, որն այսօր գլխավորում է Էլեն Հովիկի Մանասերյանը։ Այս կազմակերպությունը մեծ պատասխանատվություն է կրում աշխատողի և գործատուի միջև փոխգործակցության մեխանիզմների մշակման և զարգացման, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության կատարելագործման համար՝ ի շահ մարդկանց կյանքի որակի բարելավման:
Հայաստանում առաջին արհմիությունները ստեղծվել են Ալեքսանդրապոլում, Ալավերդիում, Բայազետում, Դիլիջանում, Երևանում Կապանում և Կարսում՝ 1905-1907 թվականներին: Արհմիութենական շարժումը զանգվածային բնույթ ստացավ 1921թ.փետրվարի 6-ին Հայաստանի արհմիությունների խորհրդի ստեղծումից հետո, որի առաջին քարտուղար դարձավ Հայկ Նահապետի Ազատյանը: Հենց այս կազմակերպությունն է դարձել աշխատավորների իրավունքների համար պայքարի առաջամարտիկը ողջ Հարավային Կովկասում։
Արհմիությունները միշտ հանդես են եկել աշխատողների շահերի պաշտպանության դիրքերից՝ ներկայացնելով ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական պահանջներ։ Նրանք գործնականում միավորել և շարունակում են համախմբել արդյունաբերության և գյուղատնտեսության, գիտության, մշակույթի և կրթության, բժշկության և կենցաղի բնագավառի գրեթե բոլոր աշխատողներին:
Այսօր, ինչպես և 100 տարի առաջ, արհմիությունների խնդիրներն անփոփոխ են։ Աշխատավորները կարիք ունեն իրենց օրինական շահերի պաշտպանության, սոցիալական ապահովագրության, առողջապահական խնամքի, կենսաթոշակի և արժանապատիվ ապրուստի: Հետևաբար, հատկապես արհմիությունները պետք է անմիջականորեն մասնակցեն տնտեսական և սոցիալական զարգացման պետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, վերահսկեն աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը, մտահոգվեն աշխատողների բնակարանային և կենցաղային պայմաններով, միավորեն հասարակությունը:
«Համահայկական ճակատ» շարժումը լիովին պաշտպանում է արհմիությունների արդարացի պահանջները։ Աշխատավոր մարդուց է կախված մեր Հայրենիքի բարգավաճումն ու ապագան։
Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի եղբայրներ և քույրեր:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
Արշակ Կարապետյան