Արթուր Ստեփանյանին ՔՊ-ն կհեռացնի՞ իր շարքերից․ խայտառակություն Եղեգիս համայնքում

Վայոց Ձորի Եղեգիս համայնքի ղեկավար ՔՊ-ական Արթուր Ստեփանյանը զգալով , որ հողը ոտքի տակից փախչում է, եւ որ համայնքների երկրորդ խոշորացումից հետո հնարավոր է, որ պաշտոն չստանձնի, ավագանու նիստի օրակարգային հարցերում ընդգրկել է հարցը. «Ընդունել ի գիտություն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ4/0058/02/25 քաղաքացիական գործով 19-ը հունվարի 2026 թվականի վճիռը՝ Եղեգիս համայնքի բյուջեից Արթուր Կամոյի Ստեփանյանին հատուցման գումար, հաշվարկված տուժանք և այլ վճարումներ վճարելու մասին»:
Հիմա հերթով․ Արթուր Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ քրօրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով) այն բանի համար, որ նա, 2017 թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով, այլ անձանց օժանդակությամբ, կատարել է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիք: Դատարանը մեղադրյալ Արթուր Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել էր համակցված այլընտրանքային խափանման միջոցներով` կիրառել էր վարչական հսկողություն, գրավ՝ 3 մլն ՀՀ դրամ, եւ կասեցրել նրա պաշտոնավարումը։ Նաեւ արգելել էր Արթուր Ստեփանյանին՝ հաղորդակցվել վարույթին օժանդակող անձանց` վկաների եւ մեղադրյալների հետ:

Քանի որ դատարանը Ստեփանյանի պաշտոնավարումը կասեցրել էր, եւ մոտ 1.5 կես տարի նա աշխատանքի չի գնացել, քրեական գործով անցնող համայնքապետը դիմել էր դատարան և Եղեգիսի համայնքապետարանից պահանջել, որ իրեն վճարեն պարապուրդի դիմաց աշխատավարձի 50% -ի չափով. «2024թ. նոյեմբերից մինչեւ 2025 թվականի նոյեմբեր ամիսը ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 108.1 հոդվածի առաջին մասի հիման վրա Արթուր Ստեփանյանին վճարման ենթակա ամսական հատուցման գումարն ամբողջությամբ բռնագանձելու և չվճարված ամսական հատուցման գումարի նկատմամբ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի հիմքով հաշվարկվող տոկոսների վճարումը պարտավորեցնելու պահանջների վերաբերյալ»: Դատարանը հայցը բավարարել է. «Եղեգիս համայնքից հօգուտ Արթուր Ստեփանյանի բռնագանձել 1.772.769 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասուներկու հազար յոթ հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ, որից՝ 1.645.000 (մեկ միլիոն վեց հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամ՝ որպես հատուցման գումար, 127.769 (հարյուր քսանյոթ հազար յոթ հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ՝ որպես հաշվարկված տուժանք: Սկսած 03.06.2025 թվականից մինչև 16․06․2025 թվականը՝ 1մլն․370 հազար դրամ գումարի նկատմամբ հաշվարկել և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքից հօգուտ Արթուր Ստեփանյանի բռնագանձել կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով տույժ, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: 16.06.2025 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ՝ 1մլ. 645 հազար ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքից հօգուտ Արթուր Ստեփանյանի բռնագանձել կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով տույժ, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքին պարտավորեցնել Արթուր Կամոյի Ստեփանյանին վճարել հանրային ծառայության մեջ գտնվող, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով պաշտոնավարումը կասեցված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, ամսական հատուցում՝ սկսած 2025 թ. հունիս ամսվա համար հատուցման ենթակա գումարից մինչև պաշտոնավարման կասեցման վերացումը՝ հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը»։
Դատարանը Արթուր Ստեփանյանի պաշտոնի կասեցում հանել է, եւ Ստեփանյանը այժմ պաշտոնավարում է: Առաջին գործը, որ նրա մտքով անցել է ավագանու օրակարգ է բերել իր վարձատվության հարցը, որն արդեն իսկ նա ստացել էր, սակայն ձեւական հարցը օրակարգ է բերել: Արդեն 3 ավագանու նիստ տեղի չի ունենում, քանի որ Ստեփանյանի պաշտոնին վերդառնալը շատերի սրտով չի: Անգամ ՔՊ խմբակցության ավագանու անդամները նրա չեն ընդունում, իսկ համայնքի բնակիչներն էլ՝ դժգոհում են Արթուր Ստեփանյանի գործունեությունից: Մեզ պատմեցին Արթուր Ստեփանյանը իր ազգականին՝ Հունան Ստեփանյանին ընդունել է աշխատանքի, որպես ՀՈԱԿ-ի տնօրեն, իսկ տղային՝ Արսեն Ստեփանյանին ՀՈԱԿ-ում, որպես տրակտորիստ-մեքենավար, ով անգամ այդ մեխանիզմ վարել չգիտեր: Այնուհետեւ՝ համայնքապետը Արսեն Ստեփանյանին ազատում է աշխատանքից, այս անգամ էլ՝ նշանակում է համայնքապետարանի բնապահպան: Բացի այդ, համայնքապետ Արթուր Ստեփանյանը մի քանի բնակավայրերի վարչական ղեկավարներին ստիպել է ստորագրել եւ կնքել է աշխատանքի տաբելներ՝ մի շարք աշխատակիցներ չեն գնացել աշխատանքի, սակայն աշխատավարձ են ստացել, եւ այս պահին 4 բնակավայրի վարչական ղեկավարների գործը քննվում է հակակոռուպցիոն դատարանում: «Միլիոններով չարաշահումներ կատարած համայնքապետը կրկին պաշտոնին է վերադարձել, որ ի՞նչ անի», նշում էին գյուղացիները: Տեղեկացանք, որ ՔՊ-ականները այս օրերին քննարկելու են Արթուր Ստեփանյանի ՔՊ-ից հեռացնելու հարցը:
Եղեգիսի ՔՊ խնբակցության ղեկավար Հրաչյա Պողոսյանից հարցրեցինք, ինչո՞ւ ավագանու նիստեր չի կայանում, արդյո՞ք քննարկվում է Արթուր Ստեփանյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը եւ ի՞նչ կարծիք ունի Արթուր Ստեփանյանի դատավարության հետ կապված, քանի որ նրան մեղադրանք է առաջարկվել առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիքի մեջ. « Ավագանու նիստերը չեն կայանում, քանի որ մարդիկ այս ամսին տարբեր գործերով զբաղված են, խոտհունձ են անում, բերք հավաքում, կարծում եմ առաջիկանյում նիստ կլինի: Արթուր Ստեփանյանին հեռացնելու հարցը մենք չէ, որ պետք է որոշենք, վերեւից պետք է քննարկեն, որոշեն: Իսկ դատավարության մասով, կարող եմ ասել՝ կա անմեղության կանխավարկած, դատավարությունը դեռ շարունակվում է, կլինի դատավճիռը, այդ ժամանակ կիմանանք, թե որքանով է մեղավոր, իսկ մինչ այդ ոչինչ չեմ կարող ասել»: Պողոսյանին հարցրին՝ իսկ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ իրենց կողմից ընտրված համայնքի ղեկավարը հողեր է օտարում մարդկանց, ովքեր ոչ աճուրդի են մասնակցել, ավելին՝ անգամ Հայսատանում չեն եղել, բայց հող են ձեռք բերել. «Դա կարծեմ եղել է մինչեւ իմ ավագանու անդամ լինելը, տեղյակ եմ, քանի որ այդ հարցը բարձրացրել են, քննարկվել է»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։