Search
Close this search box.

Աննա Հակոբյանի խնջույքին մասնակցել է նաեւ Ամուլսարի տնօրենը

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հոկտեմբերի 31-ին ընթրիք էր կազմակերպել «հաջողակ տղամարդկանց» հետ, որոնք ընթրիքին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ էին վճարել։ Արդեն լրատվամիջոցներում հրապարակվել են որոշ մասնակիցների անունները, քանի որ տեսանյութից շատ քչերին էին մարդիկ ճանաչել՝ «հաջողակ բիզնեսմենները» պարզվում է՝ անհայտ միջին տարիքի տղամարդիկ են։

Մենք մի քանի մասնակցի ճանաչեցինք՝ մեկը բոլոր իշխանությունների հետ համագործակցող եւ 2018-ից ի վեր «Իմ քայլը» հիմնադրամին գումարներ փոխանցող Գաբրիել Ջեմբերջին էր՝ Փյունիկ հիմնադրամի համանախագահը, մյուսը կենտրոնի կառուցապատող, սիրիացի Ավետիս Կարագուլյանն էր։ Երկուսն էլ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի մտերիմ ընկերները։ Խնջույքին մասնակցում էր նաեւ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Նշենք, որ «Լիդիանի» Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի ամենամեծ ու ներդրումային ծրագիրն է, որն այս իշխանության թեթեւ ձեռքով «գրվեց քարին» եւ շուրջ 6 տարի է մի սանտիմետր այդ ծրագիրն առաջ չի շարժվել։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12․5 տոկոսը կառավարությանը չի փոխանցվել, ու թե երբ այն կփոխանցվի՝ անորոշ է։

Որեւէ գործընթաց տեղի չի ունենում նաեւ Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ։ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն առհասարակ այս թեմայով խոսել չի ցանկանում։ Մենք պարզել էինք, որ հանքը չի շահագործվում, քանի որ ֆինանսավորման խնդիրներ կան։ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատել էր մեր տեղեկությունը՝ նշելով․ «Կան աշխարհաքաղաքական խնդիրներ, եւ այն ուղղությունը, որտեղից որ պետք է ֆինանսավորում լիներ, չի եղել, խնդիրներ են առաջացել, ֆինանսավորման ուղղությունը փոխվում է»։