Թուրքիան օդային տարածք չի տրամադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռի՝ Ադրբեջան թռիչքի համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեջելին։
«Պնդումները, թե Իսրայելի վարչապետի ինքնաթիռին թռիչքի թույլտվություն է տրվել, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Այս կապակցությամբ մենք որևէ հարցում չենք ստացել», — ասել է Քեջելին։
Թուրքիայի նախագահի վարչակազմին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նույնպես հայտարարել է, որ հանրապետությունը թույլ չի տվել Նեթանյահուի ինքնաթիռին օգտվել իր օդային տարածքից։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ մայիսի 7-ին Ադրբեջան կատարելիք այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին խոսք լինել չի կարող», — ասվում է կենտրոնի հայտարարության մեջ։
Կենտրոնը նաև հիշեցրել է, որ «Թուրքիան փակել է իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների համար՝ կապված Գազայի հատվածում Իսրայելի ցեղասպան քաղաքականության հետ»։