«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․
«ԱԺ ընտրությունների արդյունքները ոչ թե հնարավորություններ ստեղծեցին մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու կամ դրանց հետևանքները թուլացնելու համար, այլ խորացրեցին խնդիրները և առաջացրեցին նոր մարտահրավերներ, որոնք գոյաբանական նշանակություն ունեն։
Այս ընտրությունները և վարվող ներքին, արտաքին քաղաքականությունը նվազեցրեցին ՀՀ անկախության և միջազգային հարաբերություններում մեր սուբյեկտայնության մակարդակները։
Մեզ ներկայացվող պահանջները և Հայաստանի ներսից գեներացվող խնդիրները ճակատագրական և ողբերգական հետևանքների կարող են հանգեցնել։
Դրսի տարբեր շրջանակներից (Թուրքիա, Ադրբեջան, ԵՄ և այլն) մեզ պարտադրում են՝
1. ՀՀ սահմանադրության փոփոխություն և ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարում,
2. Սահմանագծման և սահմանազատման անվան տակ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումներ Ադրբեջանին («անկլավների» տեսքով),
3. Ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում,
4. «Զանգեզուրի միջանցքի» հանձնում,
5. Ամբողջական հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից,
6. Հայաստանի դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա,
7. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքար՝ հոգևոր և համահայկական այդ կառույցի կազմաքանդման նպատակով,
8. Արցախցիների վերադարձի իրավունքի բացառում,
9. Հրաժարում Արցախի դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների դեմ միջազգային հայցերից,
10. Մեծամորի ատոմակայանի փակում,
11. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերում,
12. ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դե յուրե հեռացում,
13. Հայ-ռուսական հարաբերությունների թշնամացում՝ ուկրաինական և մոլդովական տարբերակների տեղական դրսևորումներով (նաև՝ Սահակաշվիլու կառավարման ժամանակահատվածի վրացական տարբերակով),
14. Հակաիրանական քաղաքականության իրականացում,
15. Հայաստանի անվտանգային ճարտարապետության փլուզում՝ առանց իրական այլընտրանքների և երաշխիքների,
16. Հայաստանի երկաթգծի օպերատորի փոփոխություն՝ հանձնելով թուրքական աշխարհի երկրների ներկայացուցիչներից մեկին։
Ներքին քաղաքականությամբ պայմանավորված մարտահրավերներն են (դրանց մի մասը նաև դրսից են հրահրվում)՝
1. Ներհասարակական պառակտումը և ատելության մթնոլորտի ձևավորումը,
2. Քաղաքական հետապնդումները, «դատաիրավական» գործիքներով այլակարծության ոչնչացումը, քաղբանտարկյալների աննախադեպ քանակը։
3. Դատաիրավական համակարգի գրեթե 100-տոկոսանոց կախվածությունը գործադիր իշխանության պարագլխից,
4. ԱԺ ընտրություններից հետո ձևավորվելիք «նոր» գործադիր իշխանության ոչ լեգիտիմությունը,
5. Օրենսդիր մարմնի ոչ լեգիտիմությունը (ընտրությունները «պաշտոնապես» և ուղիղ եթերում կեղծվել են),
6. Մասնավոր սեփականության կոպիտ և ապօրինի վերաբաշխումը, նեոբոլշևիկյան խաղի կանոնների հաստատումը, սեփականության ինստիտուտի ոչնչացումը, «պետական» ռեկետը, ամբողջատիրական (տոտալիտար) իշխանական համակարգի ձևավորումը,
7. Հայ-ռուսական հարաբերություններում դիվանագիտական և տնտեսական պատերազմի խորացումը՝ ՀՀ-ի համար տնտեսաքաղաքական և անվտանգային լրջագույն հետևանքներով,
8. ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի վատացումը,
9. Գազի գնի հնարավոր թանկացումը և էներգետիկ ճգնաժամի ուրվագծումը,
10. Սպառողական վարկերի ծավալների առաջանցիկ տեմպերի ավելացմամբ պայմանավորված՝ բանկային ոլորտում վարկային ճգնաժամի հեռանկարը,
11. Գյուղատնտեսական ոլորտի կաթվածահար վիճակը,
12. Պետական կառավարման համակարգի կոռումպացվածությունը և պետական կառավարման ցածր որակը,
13. Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հավանականության մեծացումը,
14. Հայաստանն առանց դաշնակիցների թողնելն ու ՀՀ-ն «Պրահա-2» տարբերակով Արցախի ճանապարհով տանելը։
Ներքին և արտաքին գործոններով պայմանավորված մարտահրավերների և խնդիրների մեծ մասը սուբյեկտիվ ծագում ունեն։ Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները դեռևս կարող են շտկել իրավիճակը և հաղթահարել մարտահրավերները։ Բայց պետք է իմանալ, որ ունենք ժամանակի սղության խնդիր։ Հետևաբար՝ պետք է ռացիոնալ օգտագործել ժամանակի ռեսուրսը՝ հանրային լայն համախմբում և դիմադրողականություն ապահովելու համար։ Մենք այդ պոտենցյալն ունենք։ Ես հավատում եմ, որ կարողանալու ենք իրացնել այդ պոտենցյալը։ Դա քաղաքական խնդիր է, և այդ խնդիրը քաղաքական դաշտում պետք է լուծվի»։





